Մատչելիության հղումներ

Բաղյան. «Հայաստանում այսօրվա դրությամբ թռչնագրիպ չկա»


«Հայաստանում այսօրվա դրությամբ ո'չ թռչունների՝ վայրի կամ ընտանի, եւ ո'չ էլ մարդկանց մոտ տվյալ հիվանդությունը չկա», - հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչության պետ, թռչնագրիպի դեմ պայքարի շտաբի պետի տեղակալ Գրիգորի Բաղյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաղյանը ասել է նաեւ, որ հարեւան երկրներում H5N1 վարակի հայտնաբերումը բնավ չի նշանակում, որ հիվանդությունը պետք է առկա լինի նաեւ Հայաստանում:

«Մոլդովայում, Բելառուսում, Բոսնիա-Հերցեգովինայում եւ մի շարք այլ երկրներում թռչնագրիպ չկա, չնայած այն հայտնաբերվել է նշված երկրների հարեւանների տարածքում», - ասել է Գրիգորի Բաղյանը: - «Մեր շրջապատի երկրներում թռչնագրիպը հայտնաբերվել է միայն կարապների մոտ: Այդ թռչունները հարավից՝ Սեւ եւ Կասպից ծովերով բարձրանում են դեպի Ուրալյան լեռներ եւ հյուսիս: Կարապները այսօրվա դրությամբ Հայաստան չեն վերադարձել: Դրանք ընդհանրապես հազվադեպ են հասնում Հայաստան»:

Գրիգորի Բաղյանի փոխանցմամբ, այս օրերին Արարատի եւ Արմավիրի մարզերում ստուգումներ են անցկացնում մի խումբ ամերիկացի մասնագետներ: Վերջիններս նույնպես հայտնել են, որ այսօրվա դրությամբ թռչնագրիպի դեպքեր չեն գրանցել:

Մինչդեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես փոխանցել է, որ Ադրբեջանում՝ Սալյանի շրջանում, երեք մարդու մահվան պատճառը թռչնագրիպն էր: Այդ լուրը հաղորդել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Սամայա Մամեդովան:

«ԱՀԿ մասնագետների կողմից արված հետազոտության արդյունքներն ապացուցում են ադրբեջանցի մասնագետների նախնական եզրակացությունը երեք մարդու մոտ թռչնագրիպի ախտորոշման մասին», - ասել է Մամեդովան: Նրա խոսքերով, ստուգումները կատարվել են արտասահմանից բերված հատուկ սարքավորումների օգնությամբ:

Ընդհանուր հաշվով աշխարհում թռչնագրիպից արդեն մահացել է հարյուրից ավելի մարդ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG