Մատչելիության հղումներ

«Վաշինգտոն Փոստ». «ԱՄՆ-ը եւ Եվրոպան պետք է համատեղ պայքարեն Ռուսաստանի «ստվերային կայսրության» դեմ»


«Արեւմուտքը պետք է պահանջի փակել ռուսաստանյան ռազմակայանները Հայաստանում եւ Վրաստանում, ամբողջ Հարավային Կովկասի համար առաջարկի յուրատեսակ «Մարշալի պլան» եւ առաջնորդի այդ երկրները դեպի միավորված Եվրոպա», - գրում է հեղինակավոր «Վաշինգտոն Փոստ»-ը:

Թերթը հրապարակել է Իսպանիայի նախկին արտգործնախարար Աննա Պալասիոյի եւ ԱՄՆ-ում գերմանական «Մարշալի հիմնադրամի» փորձագետ Դանիել Թվայնինգի հոդվածը, որում հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան պետք է համատեղ պայքարեն Ռուսաստանի «ստվերային կայսրության» դեմ:

Հեղինակները նշում են, որ Արեւմուտքը պետք է օգնի «ազատության ձգտող հետխորհրդային պետություններին թոթափել Ռուսաստանի գերիշխանությունը»: Հատկապես արագ, ըստ նրանց, այդ հարցը պետք է լուծվի ժողովրդավարական ուղին ընտրած պետություններում, որտեղ «Ռուսաստանի քաղաքականության եւ ռուսական զորքերի նեկայության պատճառով դեռ պահպանվում են անջատողական հակամարտությունները»:

«Սառը պատերազմի ավարտից հետո», - նշում են հոդվածի հեղինակները, - «Ռուսաստանի առաջնորդները ստվերային կայսրություն են կառուցել ինքնիշխան հարեւանների տարածքներում՝ հովանավորելով «սառեցված հակամարտությունները» Արեւելյան Եվրոպայի հարավում եւ Հարավային Կովկասում... Այդ քաղաքականությունը Եվրոպա է արտահանում անկայունություն եւ հանցավորություն՝ խաթարելով ապահովության եւ անվտանգության զգացումը»:

Աննա Պալասիոն եւ Դանիել Թվայնինգը հիշատակում են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի հարցում, ըստ նրանց, եւս աճում է Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ազդեցությունը:

«Արեւմտյան կառավարությունները պետք է աջակցեն համաձայնությանը, որով Հայաստանը Ադրբեջանին կվերադարձներ օկուպացված տարածքները, իսկ Լեռնային Ղարաբաղը կմնար ինքնավարություն՝ քանի դեռ դրա կարգավիճակը չի որոշվել հանրաքվեով», - համարում են փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG