Մատչելիության հղումներ

Թունավորում՝ թույն չպարունակող ներկերից


Միջոցառման երկրորդ օրը իրենց վրձնած նկարներով կրթահամալիր վերադարձած աշակերտների մոտ նկատվել է թուլություն, կոկորդի հատվածում ծակոցներ, սրտխառնոց, ոմանց մոտ՝ նույնիսկ փսխում:
Ընդհանուր առմամբ 12 աշակերտ է բողոքել ինքնազգացողությունից, նրանցից 3-ը թունավորման կասկածներով տեղափոխվել են հիվանդանոց:

Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի նախագահը օրեր անց հերքել է տարածված լուրերը, թե երեխաները իրանական ներկերից են թունավորվել: Կրթահամալիրի տնօրենը հարցը պարզելու համար դիմել է հիվանդանոցի գլխավոր բժշկին:

Բժշկի եզրակացությունը փաստում է. - «Փետրվարի 23-ին Համալսարանական թիվ 2 հիվանդանոցի թունաբանական կլինիկա են ընդունվել «Ալմանախ» կրթահամալիրի աշակերտներ՝ 10-ամյա Աշոտը, 11-ամյա Լիլին եւ Սոնան՝ անիլինային ներկերով շնչառական ճանապարհով սուր թունավորում ախտորոշումով: Համապատասխան բուժումից հետո հիվանդանոցից դուրս են գրվել փետրվարի 25-ին՝ լավացումով»:

Այն փաստը, որ ներկերից թունավորվել են միայն այս դպրոցի աշակերտները, կրթահամալիրի տնօրեն Նունե Հարությունյանը բացատրում է այսպես. - «Ի տարբերություն մյուս երեխաների, մերոնք միջոցառումից անմիջապես հետո ավտոբուսով եկել են դպրոց, եւ նկարները չորացել են փակ դասասենյակում»: Թունավորմանը, ըստ նրա, նպաստել են նաեւ գուաշով ներկած կավե դիմակները, որոնք երեխաները կրել են 3-4 րոպե:

«Մեզ զբաղեցնելու համար դիմակներ էին տվել, դրանցից տհաճ հոտ էր գալիս», - պատմում է թունավորված աշակերտներից 10-ամյա Աշոտը:

«Շատերն այս ամենից փորձեցին շոու սարքել, ոմանք նույնիսկ քաղաքական երանգավորում տվեցին այս դեպքին, սակայն ես այստեղ ոչ մի դիտավորություն չեմ տեսնում», - ասում է Նունե Հարությունյանը:

«Առողջապահության նախարարությունը միջոցառման ժամանակ օգտագործված բոլոր նյութերը հետազոտել է եւ պարզել, որ դրանք ունեն ստանդարտ բաղադրություն, որեւէ թունավոր նյութ չեն պարունակում», - հավաստիացնում է դեսպանատան մշակույթի կենտրոնը:

Համալսարանական թիվ 2 հիվանդանոցի թունաբանական կլինիկայի գլխավոր բժշկի եւ առողջապահության նախարարության փորձաքննության եզրակացությունների համադրման արդյունքում ստացվում է, որ երեխաները թունավորվել են ներկերից, որոնք ոչ մի թունավոր նյութ չեն պարունակել:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG