Մատչելիության հղումներ

Հայաստանում արձագանքում են պետքարտուղարության ամենամյա զեկույցին


Հայաստանի իշխանությունները հինգշաբթի օրը ձեռնպահ մնացին Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը մեկնաբանելուց, որում «ցածր» է գնահատվում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:

«Հայաստանը տիպիկ պոստսովետական երկիր է, եւ այդ տեսակետից գաղտնիք չէ, որ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանության տեսակետից լուրջ աշխատանքներ պետք է անենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: - «Պետք է փորձենք այդ հարցում հնարավորինս բեկում մտցնել»:

Դիտարկմանը, թե նման միջազգային փաստաթուղթը առաջինն է իր պաշտոնավարման ընթացքում՝ Հարությունյանը արձագանքեց. - «Այդպիսի փաստաթղթերը պետք է մեզ համար ինչ-որ չափով ուղեցույց լինեն, բայց, իհարկե՝ ոչ բացարձակ ձեւով: Որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանը պետք է հիմնվի իր գործունեության եւ փաստացի ստացած տվյալների վրա»:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը, փոխանցելով զեկույցի մասին իր առաջին տպավորությունը, ասաց. - «Նորություն չկա: Այս ամեն ինչը մենք գիտենք»:

«Ես հարցը այլ կերպ կդնեի», - շարունակեց նա. - «Իսկ ինչո՞ւ պիտի Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանվեին. փաստորեն, Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանվում են այնքանով, ինչքանով դրսից մեր վրա ճնշում կա: Դրսին դուր գալու համար, կամ մեծ գլխացավանք չունենալու համար որոշ էլեմենտներ (մարդու իրավունքների) պաշտպանվում են: Բայց իրականում մարդու իրավունքները պաշտպանվում են, երբ հասարակությունը պահանջում է իշխանություններից իր իրավունքները պաշտպանել: Հայաստանում դա չկա»:

Մանուկյանի համոզմամբ, մարդիկ պետք է կարողանան իրենց իրավունքները պաշտպանել դատարանում:

«Դատական համակարգը ամբողջությամբ կոռումպացված է եւ իսկապես իշխանության վերահսկողության տակ է գտնվում... Դատարանը աշխատում է ի օգուտ իշխանությունների», - ասաց նա:

Պնդելով, թե Սահմանադրության փոփոխություններն էլ մեծ առաջընթաց չեն՝ Մանուկյանը շարունակեց. - «Ժողովրդավարությունը ոչ միայն նոր օրենքներն են, այլեւ այդ օրենքները ընդունելու ձեւը. հանրաքվեն ուղղակի չանցավ»:

«Չկա ընտրական համակարգ, չկա դատական համակարգ, չկա ազատ մամուլ... Խոսել մարդու իրավունքների մասին ուղղակի անհեթեթություն է», - եզրափակեց ԱԺՄ նախագահը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG