Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտումները ադրբեջանական կողմից ավելի հաճախակի են դարձել


Հայաստանի զինված ուժերի՝ Իջեւանում տեղակայված զորամասի (սա այն զորամասն է, որտեղ ծառայում էր այս ամիս ավելի վաղ զոհված Զաքեւոսյանը) շտաբի պետ Տիգրան Գեւորգյանի վկայությամբ, ադրբեջանական կողմը այս տեղամասում պարբերաբար խախտում է հրադադարը:

«Հենց նոր ներկայացրին հաղորդագրություն, որ նորից կրակել են մեր հենակետերի ուղղությամբ, բայց նորից պատասխան կրակ չենք տվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ առավոտյան եւս եղել էր հրադադարի խախտում: - «Երեկվա դրությամբ, հինգ անգամ հակառակորդի կողմից մեր հենակետերի տարբեր ուղղությունների վրա կրակվել է: Վերջին կրակոցը գիշերը ժամը 4-ի սահմաններում է եղել: Մեծ քանակությամբ զինամթերք է օգտագործվել. մեր ուղղությամբ կրակ է բացվել»:

Վերջին երկու օրերին ընթացքում հրադադարը այստեղ խախտվել է 7 անգամ: Տուժածներ, բարեբախտաբար, չկան:

Հենց այս զորամասում էր ծառայում մարտի 3-ին զոհված զինծառայող Արսեն Զաքեւոսյանը: Գեւորգյանը փոխանցեց, որ Զաքեւոսյանը սպանվել է դիպուկահարի կրակոցից:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններին, թե հրադադարի խախտման դեպքեր կան նաեւ հայկական կողմից՝ Գեւորգյանը ասաց. - «Ես կարող եմ ասել, որ մեր կողմից հրադադարի խախտումներ չեն գրանցվել: Պատասխան կրակ չենք արձակել մենք»:

«Կարող եմ ասել, որ սահմանի պահպանումը հուսալի ձեռքերում է: Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը ավելի է բարձրացվել, ուժեղացվել է զգոնությունը», - ավելացրեց նա: - «Մենք ամեն վայրկյան, ամեն րոպե պատրաստ ենք պաշտպանել մեր հողը»:

Կայան ավանում, որի մոտակայքի դիրքերում է զոհվել Արսեն Զաքեւոսյանը, տեղի բնակիչ Թելման Փիրումյանը հեռվից ցույց տվեց, թե մոտավարապես որտեղ է դա տեղի ունեցել. - «Երկաթգծի կամուրջի դիմաց՝ դիրքերում»:

Փիրումյանը, ինչպես նաեւ նրա համագյուղացիները վկայեցին, որ ադրբեջանակնա կողմից կրակոցներ լինում են գրեթե ամեն օր: Նրանք պնդեցին, որ հայկական կողմը պատասխան կրակ չի բացում:

Լարվածություն ասածը այստեղ ընկալում են որպես ծանր հրետանու ռմբակոծություն. ավտոմատի կրակոցները նրանց համար սովորական են դարձել:

Բնակավայրի՝ սահմանին ամենամոտ գտնվող տանն ապրող Արսեն Ղազարյանը ասաց. - «Մեզ համար կրակոցները սովորական են: Գիշերն էլ կրակողներ են լինում, բայց սովորել ենք արդեն: Մեծ զենքից չլինի՝ ավտոմատ-բանը հեչ ա մեզ համար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG