Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակը» գրում է. - «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ փետրվարի վերջին զինված ուժերի բարձրաստիճան կազմի հավաքում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել է՝ «Ի՞նչ ազատագրված տարածք՝ դա անվտանգության գոտի է: Վերջին 100 տարում այնտեղ հայեր չեն ապրել: Ձեզանից ո՞վ կարող է ապացուցել, որ Աղդամը հայկական է եղել: Խաղաղապահ ուժերի տեղակայումը անվտանգության գոտում նպաստավոր է մեզ համար»: Թերթը մեկնաբանում է. - «Անշուշտ, գեներալներից ոչ ոք ծպտուն չի հանել, սակայն այս ամենը լուրջ անհանգստություն է առաջացրել՝ մանավանդ Արցախի բանակի սպաների մոտ: Նկատենք նաեւ, որ նախարարի այս հայտարարությունը որեւէ կերպ չի տեղավորվում Հայաստանում վերջին շրջանում իրականացվող պաշտոնական եւ մերձպաշտոնական քարոզչության տրամաբանության մեջ»:

«Հայոց Աշխարհ»-ը հայտնում է, որ երեկ հրապարակվել է մի խումբ «հհշական ուղղվածության քաղաքագետների ու գործիչների համատեղ հայտարարությունը»՝ մեջբերելով. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը շարունակում է մնալ Ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թվականից գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանումը»: Թերթը մեկնաբանում է. - «Հետագա շարադրանքում «մեղադրյալի աթոռին» է հայտնվում միայն Հայաստանի նախագահը, որն իբր «հանուն սեփական իշխանության երկարակեցության», վիժեցնում է խաղաղ կարգավորումը... Չհասկացանք, բայց ո՞ւր անհետացավ մյուս ամբաստանյալը եւ նրան վերաբերող մեղքի բաժինը»:

«Ազգ» թերթն այսօր փաստում է. - «Երեւանում ավտոբուսների թվի ավելացմանը զուգահեռ նվազում է երեւանցիների հույսը, որ դա կբարելավի տրանսպորտային սպասարկման վիճակը: Ավտոբուսները շարունակում են երթեւեկել կիսադատարկ, իսկ միկրոավտոբուսները՝ գերծանրաբեռնված: Իշխանավորների խոստումները՝ երկրի նախագահից մինչեւ Երեւանի քաղաքապետ եւ տրանսպորտի վարչության պաշտոնյաներ, փաստորեն դատարկ դուրս եկան: Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքապետարանը կրակն է ընկել իր բերած ավտոբուսների ձեռքը»:

Նոր Զելանդիայում ապրող հայազգի նկարչուհի Ամբեր Ռոզ Քանդարյանը, որը մասնակցում է այսօր Երեւանում բացվող ցուցահանդեսին, «Առավոտ»-ին տված հարցազրույցում զարմանում է, որ «հայուհիները մշտապես տոնական են հագնվում ու շպարված, աշխատանքի գնալիս ճոխ զարդեր են կրում՝ մի բան, որ չես տեսնի Եվրոպայում: Նրանցից հետ չեն մնում հայ տղամարդիկ»: «Հաճախ հայ տղամարդիկ ինձանից լավ են հագնված, ինչը տարօրինակ է», - ասում է սպորտային ոճով հագնված նորզելանդուհին: Շարունակելով համեմատությունները՝ նկարչուհին փաստում է. - «Մեզ մոտ, եթե հանկարծ տղամարդը դուռը բացի, որպեսզի առաջինը կինը ներս մտնի, վերջինս դրանից կվիրավորվի՝ ի՞նչ է, ինքը չի՞ կարող բացել: Բացի այդ, մեր երկրում կանայք քաղաքական կյանքում մեծ դեր ունեն, ինչը չես ասի Հայաստանի մասին»:

«Ֆուտբոլ պլյուս» պարբերականը, ամփոփելով Կիպրոսում ավարտված միջազգային մրցաշարի արդյունքները, արձանագրում է. - «Կարելի է փաստել, որ այս անգամ էլ Հայաստանի հավաքականը ձախողվեց: Զարմացնում է միայն այն, որ Հայաստանի հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը ընդգծել է, թե չնայած պարտությանը, ինքը գոհ է մեր թիմի խաղից»: «Ինչպե՞ս կարելի է մշտապես նույն կարծիքը հայտնել, թե գոհ է խաղից, երբ թիմը պարտվում է», - հարց է տալիս ֆուտբոլային պարբերականը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG