Մատչելիության հղումներ

Թռչունների սկսված չուն մեծացնում է թռչնագրիպի ներթափանցման վտանգը


«Հայաստանում թռչնագրիպ չկա», - միաբերան պնդում են թռչնագրիպի կանխարգելման նպատակով ստեղծված շտաբի աշխատակիցները: Այս օրերին, այդուհանդերձ, նրանք պետք է ակտիվացնեն պայքարը. չուն վերադառնում է Հայաստան:

«Հայաստանում գրանցված 350 տեսակի թռչուններից 200-ը չվող են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Ադամյանը՝ հավելելով, որ տարեկան մի քանի միլիոն թռչուն չվելու համար մեր տարածքն է գերադասում:

«Հայաստանի երկնակամարով անցնում է համաշխարհային չուի ամենախոշոր ճանապարհներից մեկը: Մենք ընդունում ենք թռչուններ Միջերկրական ծովի, Սեւ ծովի, Կասպից ծովի, Արաբական ծոցի, Պարսկական ծոցի ջրլող թռչուններից: Նաեւ՝ մեծ քանակությամբ Ադրբեջանից», - շարունակեց նա:

Թռչնաբան Ադամյանը կանխարգելման շտաբը ստեղծելու առաջին իսկ օրվանից է ընդգրկված այնտեղ, սակայն նրա խորհուրդները գործնականում միայն այս օրերին են պետք գալիս: Նրա խոսքերով, պայքարի մի քանի մեթոդներից, ի վերջո, ընտրվել է շրջիկ խմբեր ստեղծելու տարբերակը: Դրանց անդամները կշրջեն ռիսկային գոտի համարվող Արաքսի հովտի շրջակայքով, ավելի ուշ՝ նաեւ Սեւանի ավազանով եւ սատկած թռչուններ կփնտրեն:

«Այդ խմբերը պետք է աշխատեն դաշտային պայմաններում եւ հավաքեն այն թռչունների դիակները, որոնք կգտնվեն տարածքի ամբողջական երկայնքով», - պարզաբանեց Ադամյանը:

Չվող թռչունների որոշ մասը արդեն Հայաստանում են: Ամենառիսկային գոտի համարվող Արաքսի հովտում արագիլները վաղուց են եկել:

Հարցին, թե որքանով է մեծ վտանգը, որ թռչունների միջոցով վիրուսը կարող է ներթափանցել Հայաստան, Ադամյանը պատասխանեց. - «Ոչ մեկը չի կարող այդ մասին որեւէ բան ասել: Վիրուսը ինքը շատ արագ տարածվում է նաեւ քամու օգնությամբ: Կարող է տարածվել մեքենաների անիվների օգնությամբ: Կարող է տարածվել երկրից երկիր մի քանի ժամվա ընթացքում օդանավի անիվների օգնությամբ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG