Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 4-ը մարտի)

ՀՀ նախագահից հետո, որը գերադասել էր հարցազրույց տալ 3 լրատվամիջոցների, ՀՀ գլխավոր դատախազը հրավիրել է չորս լրատվամիջոցների ներկայացուցիչների: «Առավոտ»-ը մատուցում է իր հարցերի պատասխանները, ուր Աղվան Հովսեփյանը ներկայացնում է. - «Իմ մտերիմ ընկերներն են ՀՅԴ պատգամավորներ՝ Վահան Հովհաննիսյանը, Լեւոն Մկրտչյանը, Արմեն Ռուստամյանը: Մտերիմ ենք ՀՀԿ մի շարք անդամների հետ: Իսկ Գալուստ Սահակյանի հետ ոչ միայն մտերիմ ենք, այլ նաեւ նրա ծնողներն ու իմ հայրն են աշխատել միասին: «Օրինաց երկրի» ղեկավար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երբ ուսանում էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում՝ իմ մոտ է անցել արտադրական պրակտիկան: Երբ 1991-1995-ին ինքս Խ պատգամավոր էի՝ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել Հրանտ Խաչատրյանի, Արշակ Սադոյանի հետ: Այս հարաբերությունները պատգամավորական բոլոր խմբերի ու կուսակցական գործիչների հետ ինձ, իբրեւ Հայաստանի գլխավոր դատախազի, հնարավորություն են ընձեռում հեռու պահել դատախազական համակարգը քաղաքական բոլոր տեսակի ազդեցություններից», - իր մտերմության ձեռքբերումն է ներկայացնում գլխավոր դատախազը՝ հպարտանալով. - «Պիտի ասեմ, որ առայժմ դա ինձ հաջողվում է... Եվ մշտապես գիտակցում եմ, որ ես ոչ թե որոշակի խմբի կամ կուսակցության, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների գլխավոր դատախազն եմ»:

«Հայոց Աշխարհ»-ի ձեւակերպմամբ, Աղվան Հովսեփյանը «մինի ասուլիսում» հավաստիացրել է. - «Գլխավոր դատախազի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, հետեւաբար անիմաստ է կուսակցություն ստեղծել այդ պաշտոնը «քաղաքականապես ամրապնդելու» համար»։ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության եւ «ժողպատգամավոր»-ի հենքի վրա կուսակցության ստեղծելու մասին մամուլի հրապարակման առնչությամբ Հովսեփյանը, «Հայոց Աշխարհ»-ի փոխանցմամբ, ասել է. - «Ամեն ինչ արել եմ, անելու եմ, որպեսզի միությունը զերծ մնա քաղաքական պրոցեսներին մասնակցելու, առավել եւս՝ կուսակցության վերաճելու նկրտումներից... Քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում եւ չեմ զբաղվելու»: «Հայաստանի Հանրապետություն» թերթում ընդգծված-վերնագրված է. - «Նիգ-Ապարան»-ը կուսակցություն չի դառնա»:

«Առավոտ»-ը ներկայացնում է քաղաքական շրջանակների մի շարք մեկնաբանությունները Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունների առնչությամբ: «Դա խուճապի մեջ հայտնվող մարդու պատասխան էր», - սահմանում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: «Նոր Ժամանակներ»-ի նախագահ Արամ Կարապետյանը նշում է. - «Չեմ կարծում, որ ԼՂՀ-ի ճանաչումը հիմա, երբ իրավիճակը սրված է, կարելի է դարձնել խաղաքարտ: Դա մեր ամենավերջին քայլը կարող էր լինել, եթե մենք վերջնականապես որոշել ենք, որ դիվանագիտական հնարավորությունները սպառվել են: Դժվարությունները գալիս են նրանից, որ ՀՀ իշխանությունները իրենք իրենց բոլոր հարցերում կանգնեցրել են փակուղու առաջ»: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով, Հայաստանը «ընդհանրապես չպետք է ագրեսիվ հայտարարություններ անի»:

Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ազգ»-ում հակառակն է պնդում. - «Լիովին համաձայն եմ հանրապետության նախագահի տեսակետներին եւ բանակցությունների ընթացքի ու բանակցությունների ձեւաչափի ցանկալի, հնարավոր ու արդյունավետ տարբերակների վերաբերյալ»: «Ռազմատենչ ու պատերազմով խնդիրը լուծելու Ադրբեջանի կողմից հայտարարություններ արդեն իսկ արվել են, եւ այս առումով շատ կարեւոր է ճիշտ ընկալել հանրապետության նախագահի զարգացումների գնահատականը, եթե բանակցությունները խափանվեն», - ավելացրել է նա:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Ազգային ժողովի մյուս փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, իր հերթին, շեշտադրում է. - «Եթե Բաքվում առայժմ միայն ուժային լուծումներից են խոսում, Հայաստանն էլ պիտի պատրաստ լինի հակահարված տալու: Մեր մարտավարության մեջ պետք է բացառել ջայլամի քաղաքականությունը: Հնարավոր չէ գլուխը թաղել ավազի մեջ եւ չտեսնելու տալ ադրբեջանական կողմի հրապարակավ արտահայտվող տեսակետները»:

«Վերջերս Իլհամ Ալիեւը հստակորեն, աներկբա հայտարարեց, որ իր երկրին ուղղակի ձեռնտու չէ միջնորդների ներկայացրած առաջարկությունների ընդունումը, քանզի Ադրբեջանը հնարավորություն ունի ժամանակ շահել, նավթադոլարներով ուժեղացնել սեփական բանակը եւ նոր ու իր համար ավելի բարենպաստ պայմաններ թելադրել Հայաստանին», - հիշեցնում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ ընդգծելով. - «Հայաստանի նախագահի կողմից բանաձեւված այս «քաղաքական ռեբուսի» պատասխանը պետք է որ տան հենց իրենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Եթե Ադրբեջանը նման պարզունակ հնարքի միջոցով փորձում է ջուրը նետել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար միջնորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների կատարած հսկայածավալ աշխատանքը, ապա Ռամբույեին հաջորդող Վաշինգտոնի բանակցությունները եւս ձախողվելու պարագայում վերջիններս պետք է որ համապատասխան եզրակացությունների հանգեն»:

Հայկական ժամանակ»-ի սցենարով, Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ հայ-ադրբեջանական կռիվը իրեն կարող է անհրաժեշտ լինել նախագահի պաշտոնը պահպանելու համար. - «2008 թվականի ձմռանը, երբ բոլորը կսկսեն պատրաստվել նախագահական ընտրությունների, հայ-ադրբեջանական սահմանագծին տեղի կունենան սպասվող իրադարձություններ ու Քոչարյանը հրամանագիր կստորագրի երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, որի պայմաններում արգելվում է ՀՀ նախագահի ընտրություններ անցկացնել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG