Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Հայաստանում ԿՀՎ-ի բանտեր չկան»


Հայաստանը պաշտոնապես հավաստիացրել է Եվրոպայի խորհրդին, որ երկրում չկան ամերիկյան գաղտնի կալանավայրեր եւ Հայաստանը չի աջակցել ամերիկյան գաղտնի գործակալներին՝ իր տարածքով տեղափոխելու տեռորիստական գործունեության մեջ կասկածվող անձանց:

«Հպարտությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկան գաղտնի բանտեր կամ անօրինական ճանապարհով տեղափոխվող կալանավորներ», - գրել էր Վարդան Օսկանյանը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին ուղղված հունվարի 27-ի նամակում, որը հրապարակվել է այս շաբաթ:

Անցած տարվա նոյեմբերին Դեւիսը խնդրել էր Եվրամիության անդամ երկրներին պարզաբանել, թե իրենց օրենսդրություններն ինչպես են երաշխավորում, որ վերահսկվեն օտարերկրյա գործակալությունների ներկայացուցիչների գործողությունները:

Դեւիսի խնդրանքը մաս է կազմում Եվրամիության հետաքննության, որը ձեռնարկվել է այն հայտարարություններից հետո, թե Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) արեւելյան Եվրոպայում գտնվող գաղտնի բանտերում հարցաքննել է Ալ Ղաիդայի հետ կապերի մեջ կասկածվող անձանց եւ գաղտնի թռիչներով նրանցից ոմանց փոխադրել է Եվրոպայի տարածքի վրայով:

Հայաստանը դրանում ներգրավված լինելու մեջ կասկածվող երկրների թվում չէր:

Իր նամակում Վարդան Օսկանյանը ներկայացրել է քրեական հանցագործությունների մեջ կասկածվող անձանց կալանումն ու էքստրադիցիան կարգավորող Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրության հոդվածների մի երկար ցանկ՝ հավաստիացնելով, որ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ապահովում է անհրաժեշտ երաշխիքները Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար՝ կանխելով Հայաստանում որեւէ մարդու անօրինական ազատազրկումը եւ տեղափոխումը այլ երկիր»:

Օսկանյանի նամակը, Եվրամիության անդամ այլ երկներից ստացված նամակների հետ միասին, տեղադրված է Եվրամիության ինտերնետային էջում, որտեղ հրապարակված է նաեւ Թերի Դեւիսի հատուկ զեկույցը, որում Եվրամիության գլխավոր քարտուղարը նշում է, որ Իտալիայի, Մակեդոնիայի եւ Բոսնիայի տրամադրած տեղեկատվությունը թերի է, իսկ Եվրամիության անդամ երեք երկրներ՝ այդ թվում Վրաստանը, առհասարակ անարձագանք են թողել խնդրանքը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG