Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, երեկ Ազգային ժողովի նիստից հետո, ի պատասխան լրագրողի հարցին, թե հավատո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ալիեւի տված երաշխիքներին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել է. - «Նա ի՞նչ իրավասություն ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որ երաշխիքներ էլ տա»:

Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ դիվանագետ Լեւոն Սարգսյանը «Իրավունք»-ի դիտարկմանը, թե այսօր ինտենսիվ քննարկման նյութ է Սերժ Սարգսյանի հնարավոր թեկնածությունը նախագահական ընտրություններում, պատասխանում է. - «Իհարկե կուզեմ, որ դառնա նախագահ, ու այդ նպատակով կանեմ այն ամենը, ինչ կախված է ինձանից»: Թղթակցի վարկածին էլ, թե Քոչարյանը բավականին խանդոտ է վերաբերում Սերժ Սարգսյանի հնարավոր նախագահ դառնալու հանգամանքին, Լեւոն Սարգսյանը հակադարձում է. - «Իսկ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի համար տարբերություն չպետք էլինի, թե ով կդառնա նախագահ: Նման լուրերով փորձում են ստվեր գցել Ռոբերտ Քոչարյանի վրա: Եվ ի վերջո, երկրի հզորության հիմքում ընկած է եւ իշխանության շարունակականությունը»: Իր եղբոր`քաղաքական դաշտում ունեցած ազդեցության լծակների ու հնարավորությունների անգերազանցելի գնահատականների առնչությամբ դիվանագետ Սարգսյանը ասում է. - «Կարձանագրեմ կարեւոր մի հանգամանք. շատ-շատերը տուժել են իմ եղբոր սկզբունքային դիրքորոշումից: Ընդդիմության գերակշիռ մասը բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք զրկվել են իրենց աթոռներից: Բնական չէ՞, որ պետք է նախանձով, վրեժխնդրությամբ լցվեին եղբորս նկատմամբ, որն արդեն 17 տարի է, ինչ որոշակի դիրք է գրավում»: Ժխտելով մյուս եղբոր՝ պատգամավոր, գործարար Ալեքսանդր Սարգսյանի ԱՄՆ-ում ունեցած կարողությունների մասին լուրերը՝ Լեւոն Սարգսյանը ասում է. - «Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ում եղբայրս բնակելի մի շենքի շինարարություն է սկսել: Ընդամենը: Իրողությունն այն է, որ մեր ընտանիքի պարագայում չեն ուզում լավը տեսնել»:

Ճշտելով, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի նախագահ Ջոն Դանիլովիչը Ռոբերտ Քոչարյանին Վաշինգտոն է հրավիրել, եւ որ այցը նախատեսված է մարտի 27-ին՝ «Իրավունք»-ը հավելում է. - «Կարծում ենք, սակայն, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի այցի ընթացքում շատ հավանական է, որ ՀՀ նախագահը Վաշինգտոնում նաեւ հանդիպի կա’մ Ջորջ Բուշի, կա’մ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Այնպես որ, այլեւս ակնհայտ է, որ ՀՀ նախագահին տեսնելու եւ նրա հետ ղարաբաղյան հարցի շուրջ «խորհրդակցելու» մեծ ցանկություն դրսեւորվում է զուգահեռաբար ե’ւ Մոսկվայում, ե’ւ Վաշինգտոնում»:

Արտգործնախարարի առաջին տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը «Հայոց Աշխարհ»-ում նշում է. - «Իրանական գազը ի վերջո դառնալու է տրանզիտային: Որովհետեւ շուկաների փնտրտուքը շարունակվելու է, եւ հետագա ընթացքը ցույց կտա, թե Իրանը ինչ ճանապարհով կգտնի այդ շուկաները»:

«2007 թվականին ընդդիմությունը, ցանկացած ֆորմատով հանդես գալու դեպքում, կստանա իրական ձայների կեսից ավելին, բայց նրան կգրեն մոտավորապես 15 տոկոս: Հիմնական պայքարը ծավալվելու է մնացած 85 տոկոսի համար», - կանխատեում է «Առավոտ»-ը՝ շարունակելով. - «Այդ պայքարի խաղացողներն են լինելու՝ ա/ բարձրաստիճան պաշտոնյաների եւ խոշոր օլիգարխների կուսակցությունները (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան»), բ/ միջին բյուրոկրատիայի կուսակցությունը («Նոր երկիր»՝ այստեղ հավաքվելու են այն փոխնախարարներն ու վարչությունների պետերը, ովքեր երազում են նախարար դառնալ), գ/ ազգայնական իշխանամետների կուսակցությունները (ՀՅԴ, Դաշինք), դ/ լիբերալ իշխանամետների կուսակցությունները («Օրինաց երկիր», ՄԱԿ)»: Թերթի հաշվարկով, տեղավորել այս 7 կուսակցությունները 85 տոկոսի մեջ` տեսականորեն հնարավոր է. - «Առայժմ դժվար է ասել, թե ինչպես է վարվելու նախագահը, որից ի վերջո կախված է խորհրդարանի խճապատկերը՝ նա հավասարապե՞ս կբաժանի ձայները իր կուսակցությունների մեջ, թե՞ մեկին կնշանակի քիչ թե շատ շոշափելի մեծամասնություն»: «Որոշակի ընտրազանգված ունեն նաեւ ՀՀՇ-ն եւ Կոմկուսը», - շարունակում է թերթը: - «Բայց այդ երկու ուժերին, բնականաբար, թույլ չեն տա մտնել ԱԺ, որովհետեւ այդ դեպքում խորհրդարանը գոնե մի քիչ կնմանվի քաղաքական մարմնի: Իսկ իշխանությունը շահագրգռված է, որ ԱԺ-ն մնա փողերը կիսելու եւ եկամուտները ծածկելու «օբյեկտ», ինչպիսին կա այսօր, եւ ավելի շատ կլինի վաղը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG