Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական գործիչները՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ եթե Ադրբեջանի հետ բանակցությունները ձախողվեն, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, իրավական հիմքեր կստեղծի, որպեսզի Ղարաբաղի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ընկալվի որպես ոտնձգություն Հայաստանի նկատմամբ եւ կամրապնդի Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին:

«Ռազմաճակատում հարցը պարզ է. երկու բանակ կանգնած են իրար դեմ, մեկը մյուսին պետք է հաղթի: Բանակցային այս վիճակում նույնպես ամեն ինչ պարզ է. կհաղթի այն երկիրը, որը կունենա ավելի շատ գործընկերներ, լավ տնտեսություն, կապահովի ժողովրդի միասնությունը եւ ընդունելի կլինի աշխարհի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) առաջնորդ Վազգեն Մանուկյանը: - «Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջարկած սցենարին, դա 1989-90 թվականներից քննարկվող տարբերակներից մեկն էր: Բանակացությունները ձախողվեցին, Քոչարյանը հիմա ասում է՝ մենք կճանաչենք Ղարաբաղը: Դա ի՞նչ կտա, արդյո՞ք կվախեցնի Ադրբեջանին: Եթե քայլ ես անում, այդ քայլով պետք է ուժեղացնես դիրքերդ: Իսկ ինչո՞վ է ուժեղացնում իր դիրքերը այդ քայլով»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հայաստանը ամեն ինչ արել է բանակցային ճանապարհով գործը առաջ տանելու համար: Անգամ ավելին, քան որեւէ երկիր երբեւէ կարող էր անել: Հայաստանը միշտ էլ ասել է, որ պատրաստ է բանակցային ճանապարհով առաջ գնալու»:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի նախագահի հիշատակած երեք կետերը վատ չեն ընկալվի միջազգային հանրության կողմից, Թորոսյանը պատասխանեց, թե «դրանք առաջարկվում են որպես պայման, ոչ թե որպես քայլեր, որոնք այսօր պետք է արվեն»:

«Հայաստանին այլ բան չի մնում, քանի որ ադրբեջանցիները որպես բանակցությունների այլընտրանք պատերազմն են հայտարարում: Բանակցություններն էլ իրենք են ձախողում: Հետեւաբար, ի՞նչ պետք է Հայաստանը ձեռնարկեր դրա դեմ», - ասաց Տիգրան Թորոսյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG