Մատչելիության հղումներ

Գյումրիում կստեղծվի տեխնոպարկ


Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը, որը պետության օժանդակությամբ Շիրակի մարզի գիտական եւ արտադրական ներուժի ակտիվացման, նորարարական փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման միջոցառումներ է ենթադրում:

Նիստից հետո հրավիրված ճեպազրույցում պարզաբանելով տեխնոպարկերի էությունը՝ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանը ասաց. - «Դա ներդրումային եւ իննովացիոն ծրագրերի իրականացման, գիտատար մշակումների, բարձր տեխնոլոգիաների ներդրման ու համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքի արտադրությանն ուղղված գործունեւությունն է»:

Բացատրելով, թե ինչու են ընտրվել հենց Աղետի գոտու գիտական եւ արտադրական ընկերությունները՝ փոխնախարարը ասաց. - «Կօգտանգործվեն Գյումրի քաղաքի արտադրական պոտենցիալը, որը բավականին մեծ է, եւ գիտական պոտենցիալը, որը նույնպես քաղաքում կա»:

Գյումրու տեխնոպարկը, ըստ նախագծի, կստեղծվի «Անալիտսարք» գործարանի բազայի վրա ու սկզբի համար կտրամադրի բիզնես խորհրդատվություն եւ տարածքներ վարձակալ ընկերություններին։ Տեխնոպարկում կստեղծվեն նաեւ նոր տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ։

Փոխնախարարը պարզաբանեց, թե ծրագիրը կֆինանսավորվի պետական բյուջեի միջոցների, ինչպես նաեւ մասնավոր ներդրողների եւ միջազգային ֆինանսական կառույցների ներդրումների հաշվին։ Սակայն, առաջին քայլը պետությունը պետք է անի. - «Առաջին էտապում կառավարությունը նախատեսում է շատ լուրջ օժանդակություն ցուցաբերել, որպեսզի նրանք ոտքի կանգնեն»:

Պարոն Գեւորգյանը շեշտեց, թե այս ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով նաեւ այդ բնագավառում առկա միջազգային փորձը: Նկատենք, որ միջազգային փորձը հուշում է, որ տեխնոպարկերը, որպես կանոն, ազատ տնտեսական գոտիներ են, որոնք հարկային արտոնյալ պայմաններ են ենթադրում ռիսկային բիզնես նախագծեր սկսած նորարարական փոքր ընկերություններին։ Մինչդեռ, Գյումրիում ստեղծվելիք տեխնոպարկը, փոխնախարարի փոխանցմամբ, չի օգտվի հարկման արտոնյալ ռեժիմից:

Հայաստանում առաջին տեխնոպարկը՝ «Վիասֆեր»-ը, հանդիսավոր պայմաններում՝ երկրի նախագահի մասնակցությամբ, հիմնվել է 2001 թվականի հուլիսի 1-ին Երեւանի տրանզիստոր գործարանի տարածքում: Դա հնարավոր էր դարձել սփյուռքահայ հայտնի գործարար Թոնի Մորոյանի՝ մոտ 20 միլիոն դոլար ներդրման շնորհիվ: «Վիասֆեր»-ը սկզբում իր կազմում 6 բարձրտեխնոլոգիական ընկերություններ ուներ, եւ մոտ 350 աշխատակից։

«Վիասֆեր»-ի գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Խաչիկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անցած հինգ տարիների ընթացքում տեխնոպարկը ընդլայնել իր գործունեության շրջանակները ու այժմ տեխնոպարկի տարածքում շուրջ 14 բարձրտեխնոլոգիական ընկերություններ են գործում, որոնց կեսը դրսից են (այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից)։

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամենամեծ ընկերությունն է պատրաստվում մեր տարածք հանգրվանելու՝ «Սինոփսիս» ընկերությունը, եւ հիմա պլաններ կան, դեռեւս բանակցային փուլում են: Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կհանգրվանի՝ մոտ երեք կառույցներով», - տեղեկացրեց Խաչիկյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG