Մատչելիության հղումներ

Աղքատությունը Հայաստանում, ըստ հրապարակված վիճակագրական զեկույցի, շարունակում է նվազել


Ազգային վիճակագրական ծառայությունը եւ Համաշխարհային բանկը մշակել եւ հանրության դատին է ներկայացրել «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույցը, որից հետեւում է, որ աղքատության մակարդակը երկրում 1998 թվականի 56,1 տոկոսից իջել եւ 2004 թվականին կազմել է 34,6 տոկոս։

Ազգային վիճակագրական ծառայությունում այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ալեքսանդրա Պոսարակը ասաց, թե վերջին տասնամյակի ընթացքում իրականացված դրական բարեփոխումների հետեւանքով բնակչության եկամուտների մեջ զգալի բարելավում է կատարվել:

«Այս ընթացքում բարելավվել եւ աճել են թե’ զբաղվածության մակարդակը, թե’ եկամուտները, ու, ելնելով այն հանգամանքից, որ դրսում աշխատող հայերի փոխանցումներն են ավելացել, ավելացել է նաեւ սպառումը: Նաեւ դրա հետեւանքով աղքատությունը նվազել է», - ասաց Պոսարակը՝ հավելելով. - «Եվ դա այն դեպքում, երբ աղքատության գնահատման նոր մեթոդաբանության համաձայն, մոտ 50 տոկոսով բարձրացվել են թե’ աղքատության ընդհանուր գծի եւ թե’ աղքատության պարենային գծի փաստագրված արժեքները»։

Ըստ հետազոտության, մեկ չափահաս անձի աղքատության պարենային գիծը սահմանվել է 12,467 դրամ, իսկ աղքատության ընդհանուր գիծ ընդունվել է 19,373 դրամին համարժեք գումար։

Այսպիսով, աղքատ են համարվել այն անձինք, որոնց ամսական սպառումը պակաս է եղել աղքատության ընդանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատները կամ չքավորները նրանք են, որոնց ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով պակաս է, քան հետազոտության շրջանակներում սահմանված աղքատության պարենային գիծը։ Ի դեպ, դիտարկված ժամանակահատվածում շատ աղքատ կամ չքավոր բնակչության թիվը 21 տոկոսից նվազել եւ 2004 թվականի վերջին կազմել է բնակչության ընդհանուր թվի ընդամենը 6,4 տոկոսը։

Պոսարակն ասաց, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում 2001 թվականին մարդահամար է անցկացվել, եւ երկիրը ունի աղքատությունը գնահատելու լուրջ կարողություններ, Համաշխարհային բանկը կօգնի Ազգային վիճակագրական ծառայությանը մշակել, այսպես կոչված, աղքատության քարտեզներ, որոնք թույլ կտան, աղքատությունը գնահատել ու չափել մարզերի ու համայնքների մակարդակով ու դրա միջոցով ավելի հասցեագրված դարձնել այդ երեւույթի կրճատմանն ուղղված քաղաքականությունը: Նա վստահեցրեց, թե մինչեւ եկող տարվեվերջ Ազգային վիճակագրական ծառայությունը կմշակի այդ քարտեզները:

Այսօր տեղի ունեցած շնորհանդեսում ասվեց, որ հետազոտության մեջ ընգրկված 6816 տնտեսային տնտեսությունների 10,4 տոկոսը հրաժարվել է հարցաթերթիկները լրացնել։ Ենթադրաբար դրանք բնակչության ամենահարուստ շերտը ընդգկող ընտանիքներն են: Եվ չնայած դրան, ուսումնասիրության հեղինակները եզրակացրել են, թե դիտարկված ժամանակահատվածում բնակչության առավել աղքատ ու չքավոր շերտերի մոտ եկամուտներն ու սպառումն ավելի արագ են աճել, քան հարուստ շերտերի մոտ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG