Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջին շրջանում կարծես թե կա այսպիսի միտում. «զոռով» մեր նախաձեռնությամբ այս կոնֆլիկտում հավասարության նշան դնել մեր եւ ադրբեջանցիների միջեւ. արժե՞ արդյոք ադրբեջանական հիստերիային պատասխանել հայկական հիստերիայով, իրենց ատելության վայրագ դրսեւորումներին ի պատասխան՝ նույնատիպ ակցիաներ կազմակերպել Հայաստանում», - զուգահեռում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ հավելելով. - «Մանավանդ ակնհայտ է, որ այդ ակցիաներն ինքնաբուխ չեն, այլ կազմակերպվում են իշխանական որոշ շրջանակների կողմից»:

«Ռամբույեի բանակցությունների ձախողումից հետո ե’ւ Հայաստանում, ե’ւ Ադրբեջանում քարոզչության հետ կապված խնդիրներ առաջացան», - նկատում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Ադրբեջանը պիտի միջազգային հանրությանը բացատրեր, թե ինչու է ձախողել բանակցությունները, եւ այդ նպատակով մի ամբողջ քարոզարշավ սկսվեց. տեղից վեր կացողը հրապարակավ այրում էր Հայաստանի դրոշը, հայտարարում էր, թե անհապաղ պետք է քարտեզի վրայից ջնջել Հայաստանը: Իսկ Հայաստանի իշխանությունները խնդիր ունեին ցույց տալ, թե իրենք առանց այն էլ հսկայական զիջումների են գնում` համաձայնելով վերադարձնել ազատագրված տարածքների մի մասը, եւ մեր հասարակությունը դեմ է դրան»:

«Առավոտ»-ի հարցազրույցում, ի պատասխան լրագրողի հարցի, թե այսօր բացառապես իշխանության թեւում են ստեղծվում նոր կուսակցություններ, իսկ դա ակնհայտորեն նշանակում է, որ հենց իշխանության ներսում տեղերը վերաբաժանելու խնդիր կա, եւ արդյո՞ք նորերը չեն փորձելու գրավել նաեւ առաջին հերթին իր գլխավորած կուսակցության հավանական տեղերը խորհրդարանական ընտրություններում, Ազգային ժողովի խոսնակ, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանում է. - «Ես կողմնակից եմ ոչ թե ստվերային քաղաքականության, այլ՝ բաց եւ հրապարակային: Գորշ կարդինալների ժամանակներն աստիճանաբար անվերադարձ անցյալ են դառնում»:

«Շատերի համար անակնկալ հրաժարական տվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, եւ նրա պաշտոնը ստանձնեց իշխանական դաշտի «գորշ կարդինալը»՝ առանց այդ էլ հսկայական ստվերային ազդեցություն ունեցող, եւ փաստացի Ռոբերտ Քոչարյանի ականջներն ու ձեռքերը հանդիսացող Արմեն Գեւորգյանը», - գրում է «Իրավունք»-ը՝ բնութագրելով. - «Նա ոչ միայն ՀՀ նախագահին հասնող տեղեկատվության հիմնական զտողն է, այլեւ այն անձնավորությունը, ումից կախված է, թե երբ այս կամ այն քաղաքական գործիչը կամ պաշտոնյան հնարավորություն կունենա շփվելու Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա հայտնի է նաեւ հեռուստադաշտի՝ առավելագույնս կոշտ գրաքննիչի իր գործառույթով... Բացի այդ ամենից, Արմեն Գեւորգյանը փաստացի վերահսկում է հսկայական բիզնես եւ տնտեսական լծակներ, ու հիմնականում նրա անվան հետ է կապված Երեւանի կենտրոնում «էլիտար» շինարարությունը, որը ուղեկցվել է բնակչության բռնի տեղահանությամբ»: «Գերազանցիկի արտաքին ունեցող եւ հրապարակային ելույթներից խուսափող այդ երիտասարդ չինովնիկի վերելքը, որը մինչ այդ էլ երկյուղի էր մատնում նախարարական եւ պատգամավորական կորպուսի զգալի հատվածին, նշանավորում է ՀՀ ներքաղաքական կյանքի նոր հանգրվան», - վերլուծում է «Իրավունք»-ը:

«Արտաշես Թումանյանի հրաժարականը վկայում է մի բանի մասին` Քոչարյանը զգում է, որ իր դիրքերը բավականին խախուտ են», - մեկնաբանված է «Չորրորդ իշխանություն»-ում: «Եթե այդ քայլը նախապես ծրագրված է եղել, ուրեմն Քոչարյանն իր դիրքերն այնքան թույլ է համարել, որ «մարտի է նետել» իր ամենափորձված թիմակիցներից մեկին: Իսկ եթե Թումանյանը ինքն է գերադասել հեռանալ, դա առավել եւս խոսում է Քոչարյանի դիրքերի թուլացման մասին», - պնդում է մեկնաբանը: - «Հակառակ դեպքում բարձրաստիճան պաշտոնյան չէր հրաժարվի այդքան բարձր պաշտոնից` հանուն քաղաքական անորոշ հեռանկարներով գործունեության»:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արմեն Գեւորգյանի նշանակումը արտառոց չհամարելով՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Խնդիրն այն է, որ Արմեն Գեւորգյանը նախկինում զբաղեցրած` ՀՀ նախագահի օգնականի կարգավիճակում էլ դե ֆակտո լիազորությունների եւ գործառույթների բավական ընդգրկուն շրջանակ ուներ եւ, ըստ էության, համարվում էր նախագահական նստավայրի թիվ երկու դեմքը՝ Ռոբերտ Քոչարյանից հետո»:

«Ռուբեն Թորոսյանի ղեկավարած «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը «Զինապարտության մասին» օրենքի 30 հոդվածին հակասող է անվանել Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին նշանակելու մասին, քանի որ նա չի անցել զինծառայություն», - փոխանցում է «Առավոտ»-ը: «Չորրորդ իշխանություն»-ը, շնորհավորելով Արմեն Գեւորգյանին, հույս է հայնտնում, որ նա «առաջիկայում «Նորագույն Երկիր» անունով կուսակցություն կստեղծի»:

Գրելով, թե մաքսային համակարգը Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկն է՝ «Ազգ»-ը փոխանցում է. - «2004 թվականին գործարարների շրջանում Համաշխարհային բանկի անցկացրած հարցման արդյունքներով, մաքսազերծման ընդհանուր ծախսերի 46 տոկոսը արտահանողների կաշառքն է մաքսային մարմիններին... այն դեպքում, երբ երկրի նախագահն ու վարչապետը անընդհատ հայտարարում են արտահանմանն ամեն կերպ աջակցելու մասին: Պարզվում է, որ նրանց հայտարարություններն ու իրականությունը, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG