Մատչելիության հղումներ

Իտալիայում սկսվեց Սան Ռեմոյի ամենամյա փառատոնը


«Արիստոն» համերգասրահի բեմում փառատոնի առաջին օրը ելույթ ունեցան 18 մասնակիցներ, ովքեր ներկայացնում էին 3 անվանակարգերը՝ «կանայք», «տղամարդիկ» եւ «խումբ», ինչպես նաեւ 12 երիտասարդ կատարողներ:

Փառատոնը վարում էին դերասան Ջորջիո Պանարելիոն, Վիկտորիա Կաբելլոն եւ իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի ավագ Ֆրանչեսկո Տոտիի կինը՝ Հիլարի Բլասին: Վերջիններս իտալացիներին բնորոշ արագախոսությամբ ներկայացնում էին տարբեր անվանակարգերում հանդես եկող կատարողներին:

Ուղիղ 56 տարի առաջ իտալական երգի Սան Ռեմոյի փառատոնը 30-ի փոխարեն ուներ ընդամենը 3 մասնակից, որոնց կարելի էր լսել միայն ռադիոյով: 1955 թվականից փառատոնն արդեն հեռարձակվում էր հեռուստատեսությամբ: Սան Ռեմոյի «ոսկեդարը» համարվում են 60-֊ական թվականները:

Մրցույթից դուրս Սան Ռեմո-2006-ի ընթացքում ելույթ կունենան հանրահայտ աստղեր Էրոս Ռամազոտին, Անդրեա Բոչելլին եւ Լաուրա Պուզինին՝ առաջին իտալուհի երգչուհին, ով այս տարի ստացավ ամերիկյան «Գրեմի» մրցանակ:

Իտալական երգի 56-րդ փառատոնը կտեւի 5 օր, մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 3-ին, իսկ հաղթողների անունները հայտնի կդառնան մարտի 4-ին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG