Մատչելիության հղումներ

Բուզանդի փողոցի բնակիչները կրկին բողոքում են


Հայաստանի Ազգային Ժողովի շենքի մոտ այսօր հավաքված Բուզանդի փողոցի մի քանի տասնյակ նախկին բնակիչներ բողոքում էին այն պատգամավորների դեմ, ովքեր Սահմանադրական դատարանից հետ էին վերցրել իրենց ստորագրությունները, ինչի հետեւանքով իրացված տարածքների բնակիչների գործը, գոնե առայժմ, չի լսվի Սահմանադրական դատարանում:

Պատգամավորները տարբեր բացատրություններ էին տվել իրենց ստորագրությունը հետ վերցնելու պատճառների վերաբերյալ: Բնակիչները, սակայն, չեն հավատում այդ բացատրություներին: «Մենք ուզում ենք եւս մեկ անգամ համոզվել՝ արդյո՞ք 131 պատգամավորների թվում գոնե 27 թասիբով մարդ կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը:

Բուզանդի փողոցի բնակիչների գործը մինչեւ Մարդու իրավուքների եվրոպական դատարան հասցնելու պատրաստակամություն այսօր հայտնեցին փետրվարի 15-ին կալանքից ազատված փաստաբան Վահե Գրիգորյանը եւ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Վահե Գրիգորյանը եւ նրան աջակցող փաստաբանները պատրաստվում են եվրոպական ատյաններ հասցնել ոչ միայն Բուզանդի փողոցի բնակչների, այլեւ հենց իր՝ Վահե Գրիգորյանի գործը:

Վահե Գրիգորյանը կալանքի տակ էր պահվում ավելի քան 4 ամիս՝ առանձնակի խոշոր չափերի գումար հափշտակելու կասկածով: Քրեական հետապնդումը դադարեցված չէ, փոխվել է ընդամենը Վահե Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը: Գրիգորյանի փաստաբանները եւ մի շարք իրավապաշտպաններ պնդում են, որ գործով տուժող ընդհանրապես չկա, եւ սա ընդամենը քաղաքական հետապնդում է, որ կապված է Վահե Գրիգորյանի կողմից Բուզանդի փողոցի բնակիչների շահերը պաշտպանելու հետ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG