Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Ազգ»-ում մեկնաբանում է. - «Վերջերս ավելի ակտիվություն էին ցուցաբերում համանախագահների 2 մյուս անդամները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ռամբույեից հետո հանդիպում է պլանավորված Միացյալ Նահանգներում: Դրանից ելնելով՝ Ռուսաստանը փորձում է ակտիվ դիրք գրավել հետխորհրդային տարածքում, ավելացնել կոնֆլիկտային պրոբլեմների լուծման ջանքերը... Միայն դրանից է բխում հետխորհրդային տարածքում հարցերի լուծման լիդերի դերակատարությունը իրեն վերադարձնելու եւ Ռոբերտ Քոչարյանին հրավիրելու ու Ղարաբաղյան հարցի մանրամասները նրա հետ քննարկելու Վլադիմիր Պուտինի ցանկությունը»: Նույն թերթում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը տարակուսում է. - «Մի քիչ ինձ համար անհասկանալի է: Յուրաքանչյուր երկրի ղեկավար մի բան ասում է, բոլոր հայերը խառնվում են իրար. - «Կնքահայրեր շատ են լինում, բայց դրանից երեխա չի ծնվում»:


«Հայոց Աշխարհ»-ի մեկնությամբ՝ Մոսկվան չի ցանկանում, որ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումն ընթանա «արեւմտյան միջնորդների գծած սցենարով». - «Դրա համար էլ Ռուսաստանը մարտի սկզբներին երկու երկրների արտգործնախարարներին Վաշինգտոնում անհամբերությամբ սպասող ամերիկացիներին փորձում է հասկացնել, որ ինքն է վերահսկում Ղարաբաղյան փաթեթը»: Թերթի մատուցմամբ, Պուտինի հայտարարություն միաժամանակ նաեւ «բանակցություններում նեղն ընկած կողմին աջակցություն ցույց տալու փորձ է». - «Ռուսաստանի իրական նպատակը ոչ թե հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի հաջողությունն ապահովելու ցանկությունն է, այլ որեւէ փաստաթղթի ստորագրումից ամեն կերպ խուսափելու՝ Իլհամ Ալիեւի նվիրական երազանքին աջակցելը»: «Պուտինի վերջին նախաձեռնությունն ընդամենը վկայում է մեր տարածաշրջանի հետագա ճակատագրի շուրջ ռուս-ամերիկյան համաձայնության բացակայությունը», - ամփոփում է «Հայոց Աշխարհ»-ը:

ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթի մեկնությամբ եւս՝ Մոսկվայի ներկայիս նախաձեռնությունը նախեւառաջ միտված է «լիդերի դերի վերականգնմանը Ղարաբաղյան կարգավորման մեջ»: Վերլուծաբանի հայացքով, ԱՄՆ-ը եւ Եվրոպան այդպես հիասթափված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ֆրանսիայում կայացած հանդիպման արդյունքներից, որովհետեւ դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս վերադարձնել առաջատար միջնորդի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ «դրանից բխող տարածաշրջանային բնույթի հետեւանքներով`ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման ծրագրերի իրականացման դեպքում»:

«Ռուսաստանի նախագահի հայտարարությանն անմիջապես պետք է հետեւեր Հայաստանի նախագահի աշխատակազմի հայտարարությունը, որտեղ, օրինակի համար, կնշվեր, որ Հայաստանը, Ռուսաստանի նախագահի նկատմամբ ունեցած խոր հարգանքով հանդերձ, նման կոնսուլտացիաների անհրաժեշտություն այս պահին չի տեսնում», - վերլուծում է «Հայկական ժամանակ»-ը: - «Սակայն պարզ է, իհարկե, որ Վլադիմիր Պուտինը երբեք չէր գնա Ադրբեջանում նման հայտարարություն անելու ռիսկին, եթե նույնիսկ մեկ տոկոս անգամ կասկած ունենար, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է իրեն այդպես պատասխանել: Ինչեւէ, Ռուսաստանի նախագահի «մտադրությունները» հնչել են եւ մնացել անպատասխան: Իսկ սա հիմք է տալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին վերհիշել անցյալ տարվա իր հայտարարությունը, թե Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն չի վարում, եւ ինքը չգիտի ում հետ բանակցել` Հայաստանի՞, թե՞ նրա տերերի: Այսինքն, Իլհամ Ալիեւը այսօր արդեն կարող է ավելացնել, որ ինքը ի վերջո որոշեց բանակցել «տերերի» հետ»:

«Առավոտ»-ը, «Հայկական ժամանակ»-ը, «Իրավունք»-ը տպագրել են Լեռնային Ղարաբաղի մտավորականների, հոգեւորականների, քաղաքական գործիչների եւ ազատամարտիկների կազմակերպությունների ներկայացուցիչներ բաց նամակը՝ ուղղված Հայաստանի ժողովրդին: «Արցախում գնալով ավելի ու ավելի է աճում դժգոհությունը ՀՀ իշխանությունների հավանությունը ստացած «կարգավորման» տարբերակի դեմ: Դժգոհ են գործնականում բոլորը՝ ԼՂՀ նախագահից սկսած, հասարակ արցախցիներով վերջացրած», - նախաբանում է «Իրավունք»-ը՝ մեջբերելով. - «Հայաստանյան ղեկավարությունը, ԼՂՀ-ի փոխարեն մասնակցելով բանակցություններին, Արցախը դարձրել է տարածքային վեճ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: «Ինչ վերաբերում է 10-15 տարի հետո Արցախում անցկացվելիք հանրաքվեին, ապա «ղարաբաղցիները միանշանակ» դեմ են դրան», - մատուցում է «Առավոտ»-ը: - «Որովհետեւ, նրանց համոզմամբ, 10-15 տարի հետո ազերի ընտանիքներն այնքան կլինեն Արցախում, որ նրանց շնորհիվ Ղարաբաղը վերջնականապես կդառնա ադրբեջանական»: Այդ բաց նամակում նաեւ նշված է. - «Այսօր երեւանյան որոշ «գործիչներ», Արցախն ու արցախցիներին նույնացնելով հայաստանյան որոշ բարձրաստիճան անձանց հետ, իրենց ատելությունն ուղղելով այն ամենի դեմ, ինչ ղարաբաղյան է, փորձում են սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ»:

Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտ»-ում ասում է. - «Առայժմ ժամանակը աշխատում է ի վնաս ընդդիմության, բայց իշխանության օգտին եւս չի աշխատում: Այն ավտորիտար ռեժիմը, որ այսօր ստեղծվել է Հայաստանում՝ հնարավոր չի բարեփոխումներով վերականգնել: Դրա համար էլ խոսվում է հեղափոխությունների մասին: Հայաստանում չկա մի մարդ, որ հնարավոր է համարում Հայաստանում ընտրությունների շնորհիվ հասնել դեմոկրատական գործընթացների»:

Փաստելով, որ «էլիտառ» բնակարանների շինարարության անվան տակ ոչնչացվեց հայ ժողովրդի քաղաքային մշակույթի մի կարեւոր հուշարձան՝ «Հայկական ժամանակ»-ը կապակցում է. - «Հայաստանի տեսարժան վայրեր այցելող եւ հայ ժողովրդի ճարտարապետական մշակույթի արժեքներին ծանոթացող արտերկրյա հյուրերը շատ կարեւոր մի առանձնահատկություն են նկատում, որին մենք` հայաստանցիներս, առանձնակի ուշադրություն չենք դարձնում: Արտասահմանցի հյուրերին մեր ցույց տվածը, չնչին բացառություններով, եկեղեցի է ու խաչքար: «Իսկ որտե՞ղ են ապրել այն մարդիկ, որոնք այցելել են այս հինավուրց եկեղեցիները եւ թաղված են այս հինավուրց գերեզմաններում»,- հարցնում են արտասահմանյան հյուրերը: Խոստովանենք, որ այս հարցին այնքան էլ հեշտ չի պատասխանել... Հայաստանում նման ժառանգություն չկա, եւ տպավորություն է, որ այստեղ ապրել են միայն ճգնավորներ, որոնք եկեղեցուց ուղիղ գերեզման են մտել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG