Մատչելիության հղումներ

Կոսովո՝ առանցքային հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել


Վիեննայում ավարտվեց Կոսովոյի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Ինչպես նշում են մեկնաբանները, առանցքային խնդրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, թեեւ միջորդները խոսում են առաջընթացի եւ որոշակի արդյունքի մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ալբերտ Ռոհանը բանակցություններից անմիջապես հետո հայտարարել է, որ կողմերը ընդհանուր հիմքեր են գտել գործնական առումով շատ կարեւոր հարցերի լուծման համար: «Անշուշտ չէր կարելի ակնկալել, որ մենք համաձայնության կգանք կոնկրետ հարցերի շուրջ: Այդպիսի նպատակ չէր դրված», - նշել է Ռոհանը:

«Սակայն այս հանդիպման ժամանակ կողմերը ընդհանուր եզրեր գտան կառավարման ապակենտրոնացման, առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական ապահովագրության համակարգերի, ոստիկանության եւ արդարադատության մարմինների աշխատանքի վերաբերյալ, ինչը նույնպես չափազանց կարեւոր է Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման համար», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալը:

Կոսովոյի ալբանացիների պատվիրակության ղեկավար Հազիրիի մեկնաբանությունը է'լ ավելի է հստակեցնում առաջընթացի մասին միջնորդների հայտարարությունները: «Քննարկված ամեն դրույթ կարող է ամբողջապես իրականացվել միմիայն անկախ եւ ինքնիշխան Կոսովոյում: Եվ, ինչպես նկատել է գլխավոր միջնորդ Մարտի Ահտիսաարին, ոչ մի հարց չի կարող համարվել համաձայնեցված, մինչեւ համաձայնեցված չլինեն բոլոր հարցերը», - բանակցություններից հետո հայտարարել է Հազիրին:

Միջնորդներն ընդունում են, որ հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները առայժմ մնում են: Բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է մարտի 17-ին:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG