Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Կարճ ժամանակ հետո մենք լուրջ զանգվածներ կունենանք փողոցում»


Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ, ընդդիմության՝ իր բնորոշմամբ «կարծր հատվածը» շատ շուտով կձեւավորի անելիքների ծրագիրն ու հանդես կգա հայտարարությամբ կամ հանրահավաքով:

«Կարճ ժամանակ հետո մեր ժողովուրդը իսկապես խորապես կհասկանա իր գլխին կախված վտանգը, եւ մենք լուրջ զանգվածներ կունենանք փողոցում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Գնալ 2007 թվականի ընտրություններին՝ հույս ունենալով, որ այս իշխանությունները արդար ընտրություններ են ապահովելու՝ ուղղակի անհեթեթություն է», - ասաց Արամ Սարգսյանը: - «Ես հակված եմ, որ մեր երկրում պիտի լինեն արտահերթ ընտրություններ. նախագահական՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Արտաքին քաղաքական եւ ներքաղաքական մարտահրավերները լուծման մեկ տարբերակ ունեն՝ Հայաստանի անվերապահ ժողովրդավարացման մեջ լուծումը: Իսկ ժողովրդավարությունը ընտրություններով ապահովել այս երկրում այլեւս հնարավոր չէ»:

Նրա խոսքերով, ժողովրդավարացման մեջ է նաեւ Ղարաբաղի հիմնահարցի լուծումը՝ «տարածաշրջանի ընդհանուր ժողովրդավարացման եւ տարածաշրջանի միասնական անվտանգության համակարգի ձեւավորման մեջ»:

«Եթե խնդիրը մեկ հարցի մեջ լիներ, մենք հեղափոխության չէինք գնա, բայց խնդիրը ամբողջական համակարգի մեջ է՝ սկսած արդար ընտրություններից, որը շատ կարեւոր է, Սահմանադրության հանրաքվեի կոպիտ կեղծումներից եւ վերջացրած գազի գներով, սոցիալականով», - շարունակեց նա՝ հիշեցնելով նաեւ Ռուսաստանի նախագահի՝ օրերս Բաքվում արած հայտարարությունը. - «Բանը հասել է նրան, որ մեր երկրի ինքնիշխանությունը, մեր անկախությունը վտանգի տակ է դրված, եւ օտար երկրի ղեկավարը օտար երկրում հայտարարում է, որ իմ երկրի նախագահին կանչելու է կոնսուլտացիաների: Սա վիրավորանք է ինձ, սա վիրավորանք է իմ երկրին, եւ սրանից ձերբազատվել է պետք»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում հեղափոխություն, Սարգսյանը պատասխանեց. - «Միանշանակ հնարավոր է: Դրա համար տքնաջան աշխատել է պետք՝ սկսած պարտիզանական պայքարից մինչեւ փողոցներ դուրս գալու պայքար: Դրա համար ընդդիմության որոշակի թեւերի համախմբում է պետք, աջակիցներ ունենալ է պետք»:

Դիտարկմանը, թե ընդդիմության կազմակերպած վերջին հանրահավաքները սակավամարդ էին, Սարգսյանը արձագանքեց. - «Կան հանրահավաքներ, որոնք սակավամարդ են եղել, կլինեն հանրահավաքներ, որոնք կլինեն բազմամարդ: Դրա համար որոշակի աշխատանքներ են պետք, դրա համար որոշակի միջոցներ ու հնարավորություններ է պետք ունենալ: Նաեւ՝ ռեսուրսային առումով. նյութականի մասին է խոսքս, եւ այդ խնդիրները լուծվող են»:

Հարցին, թե որտեղի՞ց են հայթայթելու այդ միջոցները, «Հանրապետություն» կուսակցության նախագահը պատասխանեց, թե արտահերթ ընտրությունների ժամանակ «փողը այդքան էական դեր չի խաղում», քարոզչություն իրականացնելու եւ իրական հաղթանակի հասնելու համար լիովին բավական են Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված գումարները. - «Նման գումարներ մենք միշտ ունենք»:

Պատասխանելով նոր ստեղծվող կուսակցությունների (Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը, Արտաշես Թումանյանի «Նոր Երկիր»-ը)հետ համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահը ասաց. - «Նոր ստեղծվող կուսակցությունների հետ համագործակցությունը տեսականորեն բացառում եմ. թող ստեղծեն՝ տեսնենք ովքեր են», - ասաց նա՝ պարզաբանելով. - «Որովհետեւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կենսագրությունը ես չգիտեմ... Ակնհայտ է, որ այս երկրում մարդիկ կարող են ունեցվածք դիզել մեկ պայմանում՝ եթե իրենք սպասարկում են իշխանություններին: Հետեւաբար՝ իրենց կուսակցություններն էլ սպասարկելու են իշխանություններին: Հետեւաբար՝ դրանք ստեղծվում են իշխանությունների պատվերով»:

Խոսելով քաղաքական դաշտի այլ ուժերի հետ համագործակցության հնարավորությունների մասին՝ Սարգսյանը ասաց. - «Իմ հարաբերությունները լավ են նաեւ Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության հետ... Եթե հասնի այդ պահը, ես համոզված եմ, որ այդ կուսակցությունները դրոշակակիր դառնալու նախաձեռնություն չեն վերցնի, բայց գործընթացներին կմասնակցեն՝ տեսնելով այս իշխանությունների հեռացման անխուսափելիությունը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG