Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ներկայացնելով «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարություներին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի պատասխանը՝ «Ազգ»-ը հավելում է. - «Օսկանյանի պարզաբանումներն ամենեւին լույս չեն սփռում այն դրդապատճառների վրա, որոնք ստիպել են ԼՂՀ նախագահին՝ բարձրաձայնելու իր տարաձայնությունները Հայաստանի ղեկավարության հետ: Սկզբունքների ճշտումից հետո մանրամասների քննարկմանը Ղարաբաղի մասնակցությունն արդյոք չի՞ նմանվի ճաշից հետո մանանեխի մատուցմանը... Եթե մի երկիր, անգամ չճանաչվածը, եւ նրա ղեկավարությունը չեն կարող մասնակցել իրենց մասին սկզբունքային որոշումների կայացմանը, մանրամասների քննարկումներին էլ ինչո՞ւ մասնակցեն»: «168 ժամ»-ում շեշտադրված է. - «ԼՂՀ-ն ցանկանում է մասնակցել հենց «սկզբունքների ճշտման» գործընթացին»: Իսկ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով՝ Վարդան Օսկանյանը կարծես թե պատասխանում է նաեւ Արկադի Ղուկասյանին` «ոչ ուղղակիորեն հայտարարելով, որ Հայաստանը մտադրություն չունի դուրս գալ բանակցային գործընթացից»:

«Հայկական Ժամանակ»-ի Ստեփանակերտի թղթակիցը փոխանցում է. - «Չնայած ԼՂՀ քաղաքական եւ հասարակական ուժերը իշխանություններից նման հայտարարություն վաղուց էին սպասում, Ղուկասյանի ասածը որքան սպասված, նույնքան եւ անակնկալ էր... ԼՂՀ գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանում են նախագահի տեսակետը՝ պնդելով, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ»: Նույն թերթում Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը չի բացառում, որ Ղուկասյանի հայտարարությունը համաձայնեցված լինի Ռոբերտ Քոչարյանի հետ. - «Եվ Ռամբույեի բանակցությունների տապալումից հետո Ադրբեջանին ու միջազգային հանրությանն ուղղված համատեղ սպառնալիք լինի: Բանակցություններից դուրս գալու սպառնալիք»:

Ըստ «168 ժամ»-ի, օբյեկտիվորեն Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումների միջեւ տարբերություն լինել չի կարող, որովհետեւ «կորցնել Ղարաբաղը` նշանակում է հայտնվել շատ ավելի ծանր վիճակում, ներքաշվել նոր պատերազմի մեջ եւ, ի վերջո, կորցնել ողջ Հայաստանը». - «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ընդամենը արձանագրում է, որ Ղարաբաղի դուրս մղվելը բանակցային գործընթացից շատ լուրջ քաղաքական սխալ էր»:

«Հայկական ժամանակ»-ը «խայտառակ» է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքվում արած հայտարարությունը. Պուտինը Իլհամ Ալիեւին խոստացել է առաջիկա օրերին կապվել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ նրան Մոսկվա հրավիրել` կոնսուլտացիաների: «ՌԴ նախագահի այս հայտարարությունները ստորացուցիչ են Հայաստանի համար, որովհետեւ ստացվում է, որ Ադրբեջանի նախագահի խնդրանքով ՌԴ նախագահը կարող է ՀՀ նախագահին առնչվող այնպիսի քայլեր պլանավորել, որոնք առնվազն նախնական ճշգրտման կարիք են զգում: Բայց Պուտինը ոչ միայն սա հաշվի չի առել, այլեւ օգտագործել է այնպիսի բառապաշար, որ երկրների ղեկավարները օգտագործում են իրենց անմիջական ենթակաների առնչությամբ», - խտացնում է թերթը: - «Պետությունները կոնսուլտացիաների հրավիրում են օտար երկրներում հավատարմագրված իրենց դեսպաններին: Ասել է թե՝ Հայաստանը ՌԴ-ում այլեւս նույնիսկ ֆորպոստի համարում չունի, եւ նրա կարգավիճակը ավելի է ցածրացել»:

Սահմանելով, թե մարդու իրավունքների պաշտպանության խնդրին հետամուտ լինելը պետական մտածողության է, «Ազգ»-ը բխեցնում է. - «Այն 6 պատգամավորները, ովքեր Սահմանադրական դատարանից հետ վերցրին կենտրոնի կառուցապատման շուրջ կառավարության որոշումների սահմանադրականության խնդրի վերաբերյալ իրենց դիմումները, արհամարհեցին հենց այդ մտածողությունը` ներանձնական խնդիրները գերադասելով թե’ պատգամավորի առաքելությանը, թե’ իրենց ընտրողների հանդեպ ունեցած պատասխանատվությանը, թե’ իրենց խղճին»: «Առավոտ»-ը, տպագրելով ստորագրությունները հետ վերցրած պատգամավորների լուսանկարները, դրանց ներքո շարադրում է. - «Ոչ ոք չէր էլ կասկածում, որ մեր որոշ պատգամավորներ այնքան են վախենում սեփական ականջների համար, որ պատրաստ են անցնել նույնիսկ սեփական արժանապատվության վրայով, միայն թե իրենց «շեֆերին» չջղայնացնեն: Քանի որ հաստատ գիտեն՝ հաշվեհարդարը դաժան է լինելու եւ արժենալու է, ասենք, հաջորդ ընտրությունների մեկ պատգամավորական մանդատ: Ըստ մեր տեղեկությունների, վարչապետը բառացիորեն հրահանգել է՝ գնալ ՍԴ եւ ետ վերցնել Բուզանդի փողոցի եւ Կենտրոնի սեփականատերերի ոտնահարված իրավունքների օրինականությունը ստուգելու նպատակով «Արդարություն» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքի ձեւաթղթի ստորագրությունները, եթե ուզում են նաեւ հաջորդ խորհրդարանում պատգամավոր լինել»:

Իր ստորագրությունը վերջինը ետ վերցրած պատգամավոր Վլադիմիր Բադալյանը «Հայկական ժամանակ»-ում պարզաբանում է. - «Նման որոշման պատճառը եղել է այն, որպեսզի նորից չբորբոքվեն մարդկանց կրքերը, նորից նրանց զգացմունքների վրա չխաղանք եւ թույլ չտանք, որ այդ հարցը դառնա այս կամ այն քաղաքական ուժի ձեռքին խաղաքարտ այն իրավիճակում, երբ հարցը, ըստ էության, արդեն փակվել է... Մենք ստորագրել ենք այն ժամանակ, երբ հարցը դեռ արդիական էր, եւ դեռ հնարավորություն կար պրոբլեմը տեղից շարժելու», - շարունակում է նա: - «Մինչդեռ այսօր ամեն ինչ ավարտվել է: Ստորագրությունների հետեւանքը լինելու էր այն, որ հերթական անգամ, բացարձակ իզուր տեղը, մարդկանց հույզերն ու կրքերն էին բորբոքվելու: Ես չեմ ցանկացել մարդկանց նման ցավ եւ նվաստացում պատճառել, դրա համար էլ որոշել եմ ետ վերցնելով իմ ստորագրությունը, նրանց չկանգնեցնել հերթական հիասթափության առաջ՝ հրաշալի գիտակցելով, որ դրա արդյունքը լինելու էր զրոյական»:

«Գոլոս Արմենիի»-ի կարծիքով, մեր երկրում ընդդիմություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ընդդիմադիր դաշտը «բռնատիրված է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»: «Հեղափոխությանը ընդունակ է աղքատ ընդդիմությունը», - դասակարգում է թերթը, - «իսկ մեր ընդդիմությունը միշտ կորցնելու բան է ունեցել: Եվ քանի դեռ ընդդիմությունը կազմված է նախկին իշխանավորներից, այն ինքն իրեն կվերարտադրի խորհրդարանում այնպես, ինչպես դա կատարում է իշխանությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG