Մատչելիության հղումներ

Սեմերիկով. «Ռուսաստանի ռազմական բուհերը մեծ հեղինակություն են վայելում ՀԱՊԿ անդամ երկրներում»


«Ռուսաստանի ռազմական բուհերը մեծ հեղինակություն են վայելում Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրներում», - ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը «Վոեննո֊-պրոպիշլեննի կուրյեր» պարբերականին տված հարցազրույցում: Նրա վկայությամբ, միայն անցած տարի Ռուսաստանի ռազմական բուհեր ընդունվել են ավելի քան 380 զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղրղըզստանից եւ Ղազախստանից:

Անցած ամիս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը Երեւանում հայտնել էր, որ ռուսաստանյան ռազմական բուհերում ուսանում է մոտ 500 հայաստանցի զինծառայող:

Ըստ ռուսաստանյան աղբյուրների, ՀԱՊԿ անդամ երկրներից եկած զինծառայողների քառամյա կամ հնգամյա կրթությունը կազմակերպելու համար Ռուսաստանը ծախսում է առնվազն 1,5 միլիարդ ռուբլի: Սեմերիկովի կարծիքով, սա արդարացված է, քանզի «առաջին հերթին, անհրաժեշտ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը»: Նա փաստել է, որ ԱՄՆ-֊ը արտասահմանցի զինծառայողների ուսուցման համար տարեկան ծախսում է 90 միլիոն դոլար:

«Վոեննո֊-պրոպիշլեննի կուրյեր»-ի համաձայն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինծառայողների ուսուցման համար է նախատեսված նաեւ Երեւանի բժշկական ինստիտուտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG