Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները եւ շարքային երեւանցիները տարբեր կերպ են ընկալում Պուտինի այցը Ադրբեջան


Հայաստանյան քաղաքական ուժերը բավական հանգիստ են ընդունում նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած ռուսաստանյան մարդաշատ (ըստ որոշ լրատվամիջոցների՝ 500 անդամանոց) պատվիրակության այցը Ադրբեջան: Դրան, սակայն, այլ կերպ են վերաբերում շարքային հայաստանցիները:

«Մենք չպետք է խանդի տեսարանների ստեղծենք եւ կոմպլեքսավորվենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը: - «Եթե երկրի համար շահավետ է նման հարաբերություն ունենալը, շատ անտրամաբանական եւ անգամ ծիծաղելի կլինի, որ երրորդ երկիրն ասի՝ քո շահը ոտնահարի՝ հանուն ինձ... Այդպիսի բան տեղի ունենալ չի կարող: Պետք է այդ բարդույթներից ազատվենք: Եվ պետք է պահանջենք, որ մեր նկատմամբ էլ նման հարգանքով վերաբերվեն»:

«Այնպես չէ, որ Հայաստանը նվաստացած վիճակում է եւ իր բոլոր քայլերը պայմանավորում է այս կամ այն երկրի հետ ունեցած թեկուզ նաեւ ստրատեգիական կապերով», - եզրափակեց Ռուստամյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացումը Ղարաբաղյան հարցի կարգավորման համար լավ հնարավորություն կընձեռի:

«Պարզ է, որ Հայաստանի պատճառով... չի փորձելու փոխել [Ռուսաստանը] իր հարաբերությունները այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է: Եթե մենք ուզում ենք, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա պետք է շահագրգռված լինենք, որ լինի նաեւ մի երկիր, որը կարողանա համատեղել երկու շահերը եւ բալանսի բերել բոլորի շահերը այս տարածաշրջանում», - ասաց Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ռուս-ադրբեջանական՝ դեռեւս երեկվանից սկսված հայտարարությունները բացատրում է գերտերությունների շահերով. - «Հոգեւոր որոշակի կապեր կան Ռուսաստանի հետ, բայց դա բնավ չի նշանակում, որ Ռուսաստանը այն պետությունն է, որ իր շահերի շրջանակները պիտի թողնի եւ զբաղվի միայն հայկական, հայոց հարցերով»:

«Դարավոր եղբայրությունը» վերանայելը, Սահակյանի կարծիքով, ճիշտ չի լինի այսօր. - «Ես չեմ կարծում, որ [նման] վերանայումից ավելի շատ պիտի տուժի Ռուսաստանը, քան Հայաստանը»:

Երեւանցիները, ի տարբերություն քաղաքական գործիչների, առաջարկում են ռուս-հայկական դարավոր բարեկամությանը ավելի իրատեսական հայացքով նայել:

«Մենք մեր դիրքերը պետք է չզիջենք, մեր սահմանը լավ պաշտպանենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տարեց մի երեւանցի՝ փաստարկելով. - «Որովհետեւ Ադրբեջանը ավելի լավ դիրքերում է գտնվում, ավելի կայուն է, քան մեր Հայաստանը»:

Մեկ այլ անցորդ այսպես արձագանքեց հարցին, թե արդյո՞ք կարիք կա վերանայելու հայ-ռուսական հարաբերությունները. - «Անպայման: Քաղաքականությունը, շատ կներեք, անբարոյականություն է: Անբարոյական գործընկեր ունենալ, ինձ թվում է, չարժե»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG