Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. «Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը համոզված է, որ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ:

«Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում հայտարարեց Արկադի Ղուկասյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքով, բնական է, որ Ադրբեջանը շահագրգռված է բանակցել միայն Հայաստանի հետ, որովհետեւ «լավ քարոզչական էֆեկտ ունեն այդ ֆորմատից՝ հեշտ է ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է, գրավել է Ադրբեջանի տարածքները»:

«Ես մի բանաձեւ ունեմ. երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ՝ զբաղվում է պրոպագանդայով: Իսկ երբ սկսի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, ինձ համար ազդանշան կլինի, որ Ադրբեջանը փորձում է հարցը կարգավորել», - նշեց Արկադի Ղուկասյանը: - «Ես հասկանում եմ՝ եթե Հայաստանը հրաժարվեց բանակցել Ադրբեջանի հետ, որոշ ժամանակ ընդհանրապես ոչ մի բանի չի լինի: Եվ սա էլ վտանգավոր է, որովհետեւ Ադրբեջանը դեռ պետք է հասունանա էն ֆորմատին, որից մենք սկսել ենք»:

«Ես գտնում եմ, որ եթե այսպես շարունակվի, եթե մենք տեսնենք, որ Ադրբեջանը իրոք որեւէ զիջումների պատրաստ չէ, մենք պետք է արդեն հարց դնենք, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը», - շարունակեց Ղուկասյանը: - «Երկրորդը՝ որ մենք Հայաստանի օգնությամբ փորձենք աշխատել ամբողջ աշխարհում՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հասարակությունները պատրաստն են կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ասաց. - «Ստեղծված է անվստահության մթնոլորտ, չկա որեւէ շփում: Ադրբեջանում ամեն օր խոսվում է, որ «հայը մեր թշնամին է, մենք պետք է ուժով ազատագրենք մեր հողերը»... Այս ֆոնի վրա խոսել հարցի կարգավորման մասին՝ ես գտնում եմ, որ դա լուրջ չէ: Այս հարցը հնարավոր է կարգավորել միայն փոխվստահության մթնոլորտում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG