Մատչելիության հղումներ

Ուսանողն օրենքի հետ կապ չունի՞


Իբրեւ լրագրողներ նրանք նաեւ սովորում են օրենսդրություն, ծանոթանում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին: Առարկան, սակայն, զուտ տեսականորեն չսերտելու համար, դասախոս Շուշան Դոյդոյանն ուսանողներին հանձնարարել էր տեղեկատվություն ստանալու հարցումներով դիմել ամենատարբեր մարմինների:

Ուսանողներին հետաքրքրող հարցերի շրջանակը շատ լայն է. ինչի՞ վրա են ծախսվում իրենց մուծած ուսման վարձերը, ե՞րբ է ասֆալատապատվելու իրենց փողոցը, ինչքա՞ն գումար է տարեկան հատկացվում մշակույթի նախարարությանը...

Շուշան Դոյդոյանի խոսքով, պաշտոնյաներին զայրացրել է, որ ուսանողը կարող է գրագետ հարցում պատրաստել ու օրենքին հղում անել:

«Ի սկզբանե նպատակը տեսական գիտելիքները գործնականի վերածնելն էր, բայց արդյունքում սա այնքան ոգեւորեց ուսանողներին, որ բոլորն անհաբերությամբ պատասխանների էին սպասում», - փոխանցեց Դոյդոյանը:

Մոտ 60 հարցումներից 16-ն ընդհանրապես անպատասխան են մնացել: Ոմանք նախընտրել են բանավոր պատասխանել ուսանողներին, եւ միայն 20 ուսանող է ստացել լիարժեք պատասխան:

Շուշան Դոյդոյանի խոսքով, շատերը ոչ միայն չեն պատասխանել, այլեւ կոպտել են ուսանողներին՝ երբ վերջիններս գնացել են նամակի հետքերով: Օրինակ, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հարցման տակ մակագրել է, թե օրենքին կարող են հղում անել միայն լիազորագիր ունեցող լրագրողները:

Իսկ ահա ուսանողներից մեկի՝ Պապինի հարցումն ուղղված կրթության եւ գիտության նախարարությանը, իսկական զավեշտի վերածվել: Մինչդեռ ուսանողը ընդամենը փորձել է ճշտել, թե քանի մասնավոր դպրոց կա մեր հանրապետությունում: Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո ուսանողը գնացել է նամակի հետքերով: Նախարարության համապատասխան բաժնի պետ Իլյա Սարգսյանը սպառնացել է. - «Իմ կաբինետն էլ է քեզ համար լսարան. դու ուսանող ես եւ իրավունք չունես պահանջել»: Ավելի ուշ նախարարությունից Պապինին պարզաբանել են, թե պարզապես Սերգո Երցյանը երկրում չի եղել, դրա համար էլ նամակն անպատասխան է մնացել: Ուսանողը, սակայն, ամիսներ անց դեռ այդպես էլ չի ստացել իր հարցման պատասխանը:

Նամակներին քիչ թե շատ բարեխղճորեն պատասխանել են որոշ թաղապետարաններ ու Երեւանի քաղաքապետարանը:

Բոլոր անպատասխան նամակները երկրորդ անգամ են ուղարկվելու:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG