Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպես եւ կանխատեսել էինք, վարչապետի նախազգուշացումից հետո, թե ինքը կստուգի ովքեր են համաձակվել ստորագրել Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների գույքի օտարման օրինականությունը ՍԴ-ում քննելու դիմումի տակ, անմիջապես արձագանքել են մի խումբ պատգամավորներ եւ ետ են վերցրել իրենց ստորագրությունները», - ներկայացնում է «Առավոտ»-ը: - «Հինգ պատգամավոր «վազել է» Սահմանադրական դատարան եւ իրար հերթ չտալով՝ խնդրել իրենց ստորագրությունը համարել ետ վերցված: Փաստորեն, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ «ականջ քաշելու» մասին սպառնալիքը իր ազդեցությունը թողնում է անմիջապես»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ Ռամբույեից վերադառնալուց անմիջապես հետո Հայաստան կատարած Իրանի արտգործնախարարի այցին՝ «Իրավունք»-ը մեկնաբանում է. - «Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները այժմ իրագործեցին հերթական կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը՝ այս անգամ որդեգրելով փաստացի իրանական կամ ռուս-իրանական կողմնորոշում: Ու թեեւ այդ շրջադարձը գուցե օբյեկտիվորեն նպաստում է Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանմանը, այուամենյանիվ, Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի այդ քայլը նորից ունի ոչ թե Հայաստանի ու հայության արմատական շահերը պաշտպանելու, այլ սեփական իշխանությունը պահելու դրդապատճառ»:

«Դաշինք» կուսակցության նախագահ, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Իրավունք»-ում պնդում է. - «Ներկայիս բանակցային ձեւաչափով հնարավոր չէ հասնել խնդրի լուծմանը, քանի որ բանակցություններում պաշտոնական Ստեփանակերտը ներկայացված չէ»:

«Առավոտ»-ում ԼՂՀ խորհրդարանի պատգամավոԳեղամ Բաղդասարյանն ասում է. - «Բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու մեղքը ոչ միայն Ադրբեջանինն է, այլ նաեւ Հայաստանի իշխանություններինը»: Նրա կարծիքով, այս պահի ամենակարեւոր խնդիրը բանակցություններն Ադրբեջան - Լեռնային Ղարաբաղ հարթություն տեղափոխելն է, ինչում մեծ անելիք ունեն Հայաստանի եւ ԼՂՀ-ի իշխանությունները. - «Ղարաբաղի իշխանությունները պետք է վերջապես քաջություն ունենան վարելու ինքնուրույն քաղաքականություն»:

«Հաշվի առնելով հասարակական անտարբերությունը, ընդդիմության արտախորհրդարանական գործունեության պասիվությունը՝ պետք է արձանագրել, որ թեեւ ընդդիմությունը բարձրաձայն չի խոստովանում, բայց մտքի խորքում համակերպվել է հերթական ընտրություններին գնալու գաղափարին», - գրում է «Այբ-Ֆե»-ի մեկնաբանը:

«ՀՀԿ խորհրդի եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նոր ստեղծվող կուսակցություններին զգուշացնում է, որ եթե ձգտում են դեպի կառավարություն, ապա այդ ճանապարհը «խորդուբորդ» է», - փոխանցում է «Առավոտ»-ը՝ մեջբերելով Թորոսյանի խոսքերը. - «Տեսնում են, որ կուսակցությունները հնարավորություն են ստանում կառավարություն ձեւավորելու գործընթացին մասնակցել, նախարարական տեղերի համար թեկնածուներ առաջադրել, եւ սա թերեւս իրենց համար գրավիչ է եւ սրանով են առաջնորդվում: Չէի ուզենա, որ այսօր ստեղծվող կուսակցություններն այդ ճանապարհով գնային, որովհետեւ այդ ճանապարհը խորդուբորդ է եւ որեւէ տեղ չի տանում, կարճ ժամանակից ամեն ինչ քանդվելու է»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ասել է, որ եթե ապրիլի 1-ից 1000 խորանարդ մետր գազի գինը դառնա 110 դոլար, ապա էլեկտրաէներգիայի թանկացումը տեղի կունենա անմիջապես:

«Երեկ ո՞ւր անհետացան քաղաքային տրանսպորտը եւ ձյունը մաքրելու համար բյուջեից հատկացված 100 միլիոն դրամը», - հարցնում է «Ազգ»-ը՝ փաստելով, որ երեկ առավոտյան առատ ձյուն տեղաց՝ հերթական անգամ անակնկալի բերելով քաղաքային ու համայնքային իշխանություններին ու այս անգամ Երեւանը մի քանի ժամ կաթվածահար վիճակում հայտնվեց... Կցանկանայինք նախագահի վերահսկողական ծառայութանն եւ նախագահին կից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդին առաջարկել քննարկելու, թե ինչպես է ծախսվել պետական բյուջեից կառավարության որոշմամբ ձյունը մաքրելու եւ տեղափոխելու նպատակով Երեւանի համայնքապետարաններին լրացուցիչ հատկացված 100 մլն դրամը»: «Ազգ»-ը նաեւ նշում է. - «Պետք չէ հանճար լինել կանխատեսելու համար, որ շուտով համայնքապետերը կսկսեն զանազան հայտարարություններ անել, թե քանի տոննա աղ որ փողոցներում է ցանվել, իսկ քաղաքապետարանն էլ կհայտարարի, թե քանի տասնյակ ավտոբուս, տրոլեյբուս եւ միկրոավտոբուս է դուրս եկել երթուղի: Ընդհանրապես ցինիզմը դարձել է տեղական եւ ոչ միայն տեղական իշխանությունների գործունեության անբաժանելի մասնիկը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG