Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ՄԱԿ խմբակցությունը եւ «Ժողպատգամավոր» խումբը երեկ «ազնիվ կոմերիտական» խոսք են տվել Ռոբերտ Քոչարյանին, որ ուրբաթ օրը կքվեարկեն մարդու իրավունքների կոալիցիոն թեկնածու Արմեն Հարությունյանի օգտին: Այս ուժերի ձայները չափազանց կարեւոր են, քանի որ կոալիցիոն երեք ուժեր միասին ընդամենը 72 ձայն ունեն, սա էլ այն դեպքում, եթե «կոճակ սեղմող» գործարարներին հնարավոր լինի «բերման ենթարկել» խաշանոցներից», - գրում է «Առավոտ»-ը:

Ըստ «168 ժամ»-ի, կոալիցիան այս անգամ պայմանավորվել է հստակ բաժանել յուրաքանչյուրի պարտականությունը, որպեսզի այլեւս «մեղավորներ ու կասկածյալներ չորոնեն». - «Սակայն Ռոբերտ Քոչարյանը այլեւս կոալիցիային չի վստահում ու ինքն անձամբ է ընդունում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու համապատասխան հրահանգներ տալիս՝ պահանջելով համապատասխան երաշխիքներ»:

«Եթե կոալիցիայի կազմի մեջ ընդգրկված պատգամավորները տեղի չտան գործադիր իշխանության ճնշումներին, չեմ ասում, թե մեր թեկնածու Հրանտ Խաչատրյանը կընտրվի, բայց առնվազն Արմեն Հարությունյանը կրկին չի անցնի», - «Հայոց Աշխարհ»-ում պնդում է Արշակ Սադոյանը:

Նշելով, թե մինչեւ 2007-ի խորհրդարանական ընտրությունները ԱԺ-ի գործունեության հիմքը պետք է լինի օրենքների համապատասխանեցումը սահմանադրական փոփոխությումներին՝ «Հայոց Աշխարհ»-ը դժգոհում է. - «Այդ ամենի փոխարեն խորհրդարանը մեզ հրամցնում է մի բաժակ ջրում բարձրացրած փոթորիկ` բրազիլական սերիալ հիշեցնող օմբուդսմենի ընտրություններ»:

«Ազգային ժողովի մեծամասնությունը երեկ արդեն վստահաբար պնդում էր, որ Արմեն Հարությունյանին իրենք կանցկացնեն նվազագույնը 83-88 ձայնով: Չնայած երեւի թե ավելի ճիշտ կլինի, որ կոալիցիան բոբիկանա միայն ծովը տեսնելուց հետո», - խորհուրդ է տալիս «Հայկական ժամանակ»-ը:

«Կոալիցիան սիլի-բիլի է անում» վերնագրի տակ «168 ժամ»-ը գրում է. - «Այս օրերին կոալիցիոն կուսակցությունները զբաղված են ոչ միայն իրար տակ փորելով, այլեւ ընդդիմության հետ շփման եզրեր որոնելով»:

«Արմատականները դադարեցրին «Դեպի բարիկադներ» կոչերը եւ ակտիվորեն մասնակցեցին Ազգային ժողովի առաջին քառօրյային՝ օգտագործելով սահմանադրական փոփոխությունների ընձեռած հնարավորությունները: Հենց այն փոփոխությունները, որոնց արմատականները վճռական ոչ ասացին եւ որոնց բոյկոտ հայտարարեցին», - արձանագրում է «Գոլոս Արմենիի»-ին՝ գտնելով, թե նրանք ընդհատեցին բոյկոտը, որովհետեւ նախընտրական տարին պարտադրում է երեւալ հանրությանը եւ նաեւ՝ որ վերջնականապես հիասթափվեցին նարնջագույն հեղափոխության հնարավորությունից»:

«Ըննդիմությունը չի գտնում իր ֆասադը» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ում ընդգծված է. - «Քաղաքական բոլոր պրոցեսները վաղուց արդեն տեղափոխվել են իշխանական դաշտ, եւ միայն «օմբուդսմեն» օպերացիայի թայմ աուտի ընթացքում բոլորը հանկարծ նկատեցին, որ 2006-ի մեկնարկը սկսվել է առանց քաղաքական ընդդիմության»։

Մամուլը շարունակում է անդրադառնալ Ռամբույեի հանդիպմանը, ու «Հայոց Աշխարհ»-ում անվտանգության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ասում է. - «Անշուշտ, բանակցային գործընթացը շարունակվելու է, բայց Հայաստանին երբեք չի հաջողվի պարտադրել մի բան, որը հակասում է մեր ազգային շահերին եւ անվտանգությանը։ Հիմնախնդիրը հնարավոր է կարգավորել միայն այսօր հաստատագրված իրողությունների հիմքի վրա, այլ ճանապարհ չկա»:

«Կարելի է որոշ վերապահումներով պնդել, որ Կոսովոն, Ալբանիան եւ Սերբիան իրենց ընդհանուր բնութագրով ու սխեմատիկ համադրությամբ կարող են համեմատվել համապատասխանաբար Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այլ կերպ ասած` կոնֆլիկտային վերլուծության առումով Կոսովոյի ալբանացիների նկատմամբ Սերբիան հանդես էր գալիս նույն շովինիստական գաղութային մետրոպոլիայի դերում, ինչ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ», - «Հայոց Աշխարհ»-ում զուգահեռում է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ Հայկ Քոթանջյանը:

«168 ժամ»-ի մեկնաբանը կարծում է. - «Պատերազմի մարդիկ չեն կարող լինել խաղաղության շինարարներ, պատերազմի մարդիկ կաշկանդված են հակամարտության սկզբունքներով: Բանակցությունների սեղանի շուրջ էլ նայում են միշտ առաջ: Նրանց համար ժողովուրդն ու հայրենիքը ոչ այլ ինչ է, քան պարզապես թիկունք, որը պետք է ապահովի այն ամենը, ինչը հարկավոր է առաջ եւ միայն առաջ գնալու համար»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, «Առավոտ»-ում անդրադառնալով «տարածքներ հանրաքվեի դիմաց» շրջանառվող մոտեցմանը, նշում է. - «Հանրաքվե ասածը շատ հարցեր է առաջացնում, ասենք՝ քանի՞ ադրբեջանցի պիտի վերադառնա Ղարաբաղ: Այդ դեպքում պիտի մտածենք նաեւ, թե քանի՞ հայ պիտի վերադառնա այնտեղ, որ կարողանանք հաղթել այդ հանրաքվեի արդյունքում: Եթե խնդիրը լուծվում է այս համատեքստում՝ պիտի ղարաբաղցիները վերադառնան Ղարաբաղ, ու դրա համար մեկ օրինակը պիտի լինի Ռոբերտ Քոչարյանը, որ մարդիկ գնան այնտեղ, եւ մենք հաղթենք հանրաքվեում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG