Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ նախագահական նստավայրում տեղի ունեցած կոալիցիայի խորհրդի նիստում Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան կոալիցիայի երեք կուսակցությունների այն պնդումների, թե Արմեն Հարությունյանի քվեարկության տապալումը զուտ պատահականություն է եղել, ասել է, թե իր համար հասկանալի են նման «պատահականությունների» դրդապատճառները, եւ կոալիցիայի ղեկավարներին հրահանգել է խելքները գլուխները հավաքել», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է Մարդու իրավունքների պաշտպանի քվեարկությունը կազմակերպել արտահերթ նիստ հրավիրելով՝ զգուշացնելով, որ եթե Արմեն Հարությունյանը չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, ապա կոալիցիան լուրջ պրոբլեմներ է ունենալու»:

Այդ հանդիպումից «Առավոտ»-ն էլ փոխանցում է իր տեղեկությունները. - «Ռոբերտ Քոչարյանը հաշիվ է պահանջել ՀՀԿ-ից եւ «Օրինաց Երկիր»-ից՝ «Ազգային միաբանության» կողմից առաջադրված օմբուդսմենի թեկնածու Ռուբեն Թորոսյանի թեկնածությունը ներկայացնող թերթիկի տակ ստորագրելու համար: Դաշնակցությանը նկատողություն անելու եւս մի առիթ կար. այն, որ ՀՅԴ խմբակցությունը միանշանակ չբացառեց օմբուդսմենի տեղը ընդդիմությանը զիջելու հարցի քննարկումը»:

«Իշխանությունը չի գնալու ընդդիմության հետ համաձայնության ու անցնելու է այն թեկնածուն, որն արդեն նախագահականում որոշվել է, միանշանակ է՝ Ռոբերտ Քոչարյանի բնավորությունն է այդպիսին», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Անդրադառնալով Ռամբույեի հանդիպմանը չիրականացված ակնկալիքներին, Արամ Սարգսյանն ասում է. - «Ակնկալիքներն էին անհիմն: Նախ՝ նման ցավոտ խնդիրներ լուծելու ձեռնամուխ եղած անձինք պիտի ունենան համապատասխան ներուժ, լինեն վառ անհատներ, ընկալվեն հասարակության կողմից: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Իլհամ Ալիեւը չունեն ներուժ այդ խնդիրները լուծելու եւ հասարակությանը ներկայացնելու համար: Երկուսն էլ իրենց երկրներում խեղդում են ժողովրդավարությունը: Եվ իրենք հիմա էլ են լավ ապրում՝ ԼՂ հիմնահարցի չկարգավորվածությունը չի խանգարում դահուկներով սահելուն: Ժողովրդին է պետք այդ խնդրի շուտափույթ լուծումը, որ տնտեսական իրական առաջընթաց լինի, հարեւանների հետ՝ բնականոն հարաբերություններ»:

Ներկայացնելով Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների երեկվա համատեղ ասուլիսը՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը նաեւ նշում է. - «Նկատելի էր, որ Ռամբույեի բանակցությունները բավական ընկճել են Հայաստանի արտգործնախարարին, որը թեեւ փորձում էր թաքցնել դա, սակայն՝ անհաջող»:

«Ինչպես եւ սպասվում էր, 2006 թվականի Ղարաբաղյան բանակցային գործընթացը ներկայումս փաստորեն կրկնում է 2001 թվականից հայտնի՝ Փարիզ-քիուեսթյան տրամաբանությունը, իր նոր՝ Ռամբույե-Վաշինգտոն հաջորդականությամբ», - ուղենշում է «Հայոց աշխարհ»-ը՝ ընդգծելով. - «Ակնհայտ է, որ Ռամբույեն ցույց տվեց Ադրբեջանի անհամաձայնությունը միջնորդների առաջարկների հիմքերից մեկը հանդիսացող՝ Ղարաբաղում ինքնորոշման հանրաքվեի կազմակերպման գաղափարին։ Տվյալ հանգամանքը, ինչպես նաեւ այն փաստը, որ բանակցությունները շարունակելու խնդիրը Ադրբեջանը կասկածի տակ չի առնում, վկայում են Ռամբույեում հայկական դիվանագիտության ձեռք բերած շատ թե քիչ նպաստավոր «մեկնարկային դիրքի» մասին»։ «Մարտի սկզբներից Ղարաբաղյան բանակցային գործընթացը մտնելու է իր այն վճռորոշ հանգրվանը, երբ մինչեւ աշուն կողմերից համաձայնություն կորզելու խնդիրը ԱՄՆ-ի համար դառնալու է հրամայական անհրաժեշտություն։ Որքան էլ ձգձգվեն Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ներկայումս ծավալվող զարգացումները, առնվազն 2006 թվականի աշնանից նրանք դառնալու են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միակ լուրջ հետաքրքրությունը՝ հետին պլան մղելով մյուս հարցերի լուծումը», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի վերլուծաբանը։

Աշխարհաքաղաքական զարգացումների իր վերլուծությունում էլ «Հայկական ժամանակ»-ը հանգեցնում է. - «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը հայ-ադրբեջանականից վերաճում է ԱՄՆ - Իրան կոնֆլիկտի, եւ սա մահացու վտանք է Հայաստանի համար»:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նոր ներկայացուցիչ Կոնսուելլո Վիդալը սառեցրել է որոշ ծրագրեր... Գրասենյակի աշխատակիցների կարծիքով, տիկին Վիդեալն իրենց համար անակնկալ որոշումը կայացրել է 2005 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՄԱԿ-ի երեւանյան ներկայացուցչության գրասենյակ կատարած այցից հետո», - փոխանցում է «Ազգ»-ը: - «Հանդիպմանը գրասենյակի ղեկավարությունից բացի մասնակցել են նաեւ ծրագրերի պատասխանատուները: Հանդիպման մասնակիցներից տեղեկացանք, որ ՀՀ նախագահն իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ-ի զեկույցների բովանդակությունից, որոնք տարբերվում են կառավարության տեսակետներից: Նրանց ասելով` պրն Քոչարյանը չի թաքցրել նաեւ փորձագետների հետ կապված իր դժգոհությունը` ասելով, թե հայտնի չէ` ինչ չափանիշներով են ընտրվում նրանք: Այս հանդիպումից հետո տիկին Վիդալը սառեցրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի ծրագրերից չորսը, որոնց թվում` հակակոռուպցիոն եւ մարդու իրավունքների ծրագրերը»: «Ազգ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի դժգոհությունը վերաբերել է հատկապես հակակոռուպցիոն ծրագրին:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG