Մատչելիության հղումներ

Թաղիզադե. «Նպատակահարմար չենք համարում նման բարդ գործընթացը ժամանակային կոշտ շրջանակներում տեղադրելը»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Թայիր Թաղիզադեն «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում չորեքշաբթի օրը ասաց, թե համաձայն չէ ո’չ այն տեսակետին, թե վերջին բանակցությունները դիվանագիտական ձախողում էին, ո’չ էլ պնդումներին, թե նախագահների մի քանի ժամ տեւած առանձնահանդիպումը արդեն իսկ կարելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուրջ հաջողություն համարել:

«Ճիշտ գնահատականը այս երկու տեսակետների մեջտեղում է: Կարծում եմ, որ համանախագահների եւ երկու կողմերի որոշումը՝ հանդիպումից հետո որոշ ժամանակ հատկացնել անցած ուղու եւ հետագա հանդիպումների հնարավորությունների վերլուծությանը, արդեն իսկ Ռամբուեյում տեղի ունեցածի եւ ողջ խաղաղ գործընթացի գնահահատական իր մեջ պարունակում է», - ասաց Թաղիզադեն:

Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում պարբերաբար մամուլում հայտնվող տեղեկությունները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վաշինգտոնյան հանդիպմանը կարող են մասնակցել նաեւ Էլմար Մամեդյարովն ու Վարդան Օսկանյանը, Թաղիզադեն պատասխանեց. - «Երեկ եմ հանդիպել նախարարի հետ եւ որեւէ նոր բան այս առումով այդ զրույցի ժամանակ չեմ բացահայտել: Գաղափար չունեմ, թե ինչի վրա են հիմնված խոսակցությունները, թե մարտին նախարարները հանդիպելու են Միացյալ Նահագներում: Մենք գտնում ենք, որ այս պահին գոնե հանդիպան ժամկետների մասին խոսելը վաղաժամ է»:

Ընդհանուր առմամբ, սակայն, Ռամբուեյի բանակցությունների արդյունքները Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ակնհայտ հանգստությամբ են ընկալել: Արտգործնախարարության խոսնակը նույնիսկ ակնարկում է, թե միանգամից արմատական տեղաշարժեր ակնկալելը թերեւս այնքան էլ ճիշտ չէր. - «Մենք արդյունավետ ու նպատակահարմար չենք համարում նման բարդ գործընթացը ժամանակային կոշտ շրջանակներում տեղադրելը»:

Ռամբուեյի բանակցություններից անմիջապես հետո ադրբեջանական մամուլում՝ մասնավորապես ANS հեռուստաընկերության եթերում, տեղեկություններ հայտնվեցին, թե նախագահ Քոչարյանը`պատճառաբանելով Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հարազատներից մեկի մահը, լքել է բանակցությունները: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն էլ երկու օր առաջ հայտարարել էր, թե Քոչարյանը անսպասելիորեն է լքել բանակցությունները: Հայաստանի արտգործնախարարը երեկ կտրականապես հերքեց դա: Այս տեղեկությունների ու հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ «աննշան դետալների վրա»:

«Կարծում եմ, պարկեշտ չէ այս հարցը անգամ քննարկել, ուստի իմ նախարարին այս թեմայով անգամ հարց չեմ ուղղել: Զանգվածային լրատվամիջոցներին էլ, կարծում եմ, հարկ է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք գտնվում են բանակցային գործընթացի օրակարգում, այլ ոչ թե հետաքրքվել խնդիրներով, որոնք գուցեեւ սենսացիոն հնչեղություն ունեն բայց իրականում բավական աննշան դեր են խաղում», - ասաց Թաղիզադեն:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG