Մատչելիության հղումներ

Մանուչեհր Մոթթաքի. «Հայաստան-Իրան գազամուղը երկու երկրների խնդիրն է»


«Հայաստան-Իրան գազամուղը երկու երկրների խնդիրն է, որեւէ երրորդ երկիր այս հարցում միջամտել եւ որեւէ ճնշում բանեցնել չի կարող», - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ այսօր կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին:

«Սա ռեգիոնալ նշանակության ծրագիր է, սակայն նախաձեռնողը Հայաստանն ու Իրանն են, եթե որեւէ կողմ ցանկություն ունի մասնակցելու, ապա այս պահից հետո դա հնարավոր կլինի միայն պայմանագրի երկու կողմերի համաձայնությամբ», - իր հերթին նշեց Վարդան Օսկանյանը:

Իրանի արտգործնախարարը այսօր եւս մեկ անգամ արձանագրեց, որ Իրանը մտադիր է պաշտպանել խաղաղ նպատակներով միջուկային էներգիա ունենալու իր իրավունքը:

«Վերջին բազմահազարանոց հավաքները Թեհրանում ապացուցում են, որ մենք չենք հանդուժելու միջուկային ապարտեիդը», - ասաց Իրանի արտգործնախարարը՝ հարկ համարելով հիշատակել, որ «ատոմային ռումբ առաջին անգամ հենց ամերիկացիներն են կիրառել»:

«Ամերիկացիները շատ են սիրում ամերիկյան ֆուտբոլը, որտեղ պետք է անընդհատ իրար վրա հարձակվել, եւ եթե չեն կարողանում իրար ծեծել, մրցավարին են ծեծում: Մենք նախընտրում ենք շախմատը՝ ավելի հավասարակշռված եւ համբերատար գործելակերպը», - Իրանի հասցեին ԱՄՆ-ից հնչող խիստ հայտարարություններին վերաբերող հարցին ի պատասխան ասաց Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին:

Անդրադառնալով եվրոպական մամուլում Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ ստեղծված իրավիճակին, Իրանի արտգործնախարարը հայտնեց, թե այսօր Երեւանից զանգահարելու է Եվրամիությունում նախագահող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկին՝ քննարկելու իրավիճակը:

Նրա խոսքերով, այդ ծաղրանկարների տպագրումը «լավ մտածված ու ծրագրված քայլ էր՝ ուղղված քաղաքակրթությունների բախում հրահրելուն»:

«Դանիան պետք է ներողություն խնդրի մահմեդականներից, եւ գործի մեջ ներքաշված անձինք պետք է պատասխանատվության կանչվեն», - ասաց Մոթթաքին:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG