Մատչելիության հղումներ

Տըրընդեզի խարույկը հուշում է, որ գարունը մոտ է


Ավանդությունը պատմում է, որ մանուկ Հիսուսի 40 օրը լրանալուն պես ծնողները նրան տանում են Երուսաղեմի տաճար։ Հենց այստեղ նրան՝ Տիրոջն ընդառաջ է գալիս Սիմեոն անունով ծերունին, ում Աստված խոստացել էր, որ նա չի մահանա, մինչեւ չտեսնի Փրկչին: Այստեղից էլ՝ «Սիմեոն ծերունի դառնաս» արտահայտությունը. ասել է թե երկար կյանք ունենաս:

Ազգագրագետ, տոնագետ Սամվել Մկրտչյանի խոսքով՝ Տեառնընդառաջը տարբեր մարզերում տարբեր կերպ է կոչվել՝ Տերնընդձեզ, Տըրընդեզ, Տառինջ, Տնդալեշ, Մելեթ… Տոնը քրիստոնեական է, սակայն ծեսերն ու սովորույթները գալիս են հեթանոսությունից: «Կրակի ծխի ուղղությանը հետեւելով, գյուղի մեծերը որոշում են՝ տարին բերքառատ է լինելու արդյո՞ք, իսկ երիտասարդները պարզում են, թե որ կողմից է գալու իրենց սիրեցյալը: Մոխիրն էլ ցանում են դաշտերին կամ դնում հիվանդների աչքերին», - պատմում է Մկրտչյանը:

«Մեր Տըրընդեզին հավաքվել էին բոլոր բարեկամները: Ես 18 տարեկան էին, կինս 17: Հարսին նվերներ էին բերել, աղանձ էին սարքել: Կրակ վառեցինք ու շուրջը պտտվեցինք», - հիշում է Սամվել պապիկը: Իր ժամանակ, սակայն, եկեղեցի գնալն արգելված էր. տոնը նշել են առանց քահանայի օրհնության:

Այսօր փետրվարի 14-ը հայտարարված է նաեւ Նորապսակների օրհնության օր։ Բոլոր եկեղեցիներում օրհնելով երիտասարդ զույգերին՝ քահանան խրատում է նրանց սիրել միմյանց ու համերաշխ լինել: Տըրընդեզը բնության զարթոնքի ու մոտալուտ գարնան տոնն է:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG