Մատչելիության հղումներ

Ադրբեջանական թերթը տպագրել է Հիսուսի եւ Սուրբ Կույս Մարիամի ծաղրանկարները


Ադրբեջանական «Ենի խաբար» շաբաթաթերթը հրապարակել է հոդված, որում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Հիսուսի եւ Սուրբ Կույս Մարիամի հասցեին: Հրապարակմանն առաջինը արձագանքել եւ մամուլի համար հայտարարությամբ այսօր հանդես է եկել Բաքվում Իրանի դեսպանությունը:

«Նման մտքերը արտահայտվել են կա’մ Ղուրանում Սուրբ Կույս Մարիամի մասին սուրահի մասին անտեղյակության պատճառով, կա’մ էլ՝ նպատակ են հետապնդում թշնամություն հրահրել իսլամի եւ քրիստոնեության հետեւորդների միջեւ», - ըստ day.az-ի, ասված է հայտարարության մեջ:

Իրանի դեսպանությունը՝ քննադատելով արեւմտյան մամուլում Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարները, միեւնույն ժամանակ խստորեն քննադատում է նաեւ վիրավորական արտահայտությունները Հիսուսի եւ Սուրբ Կույս Մարիամի հասցեին:

«Ենի խաբար» շաբաթաթերթի հոդվածի հեղինակը հրապարակումը բացատրել է որպես «պատասխան քայլ՝ արեւմտյան մամուլում Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների տպագրությանը» եւ որպես «խոսքի ազատության իրավունքի կիրարկում»:

«Ենի խաբար»-ի հրապարակումը քննադատել է նաեւ Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշեւը՝ նշելով թե այն «հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը, ԶԼՄ-րի մասին օրենքին եւ լրագրողական էթիկայի նորմերին»:

Անցած սեպտեմբերին դանիական Jyllands-Posten հանդեսը տպագրել էր Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք վերատպվել էին եվրոպական այլ երկրներում: Դա բողոքի հսկայական ալիք է առաջացրել մահմեդական երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG