Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի կարծիքով, այն, որ Ռամբույեում սեղանին լինելու է երկու սկզբունք, կարելի է հաստատված համարել՝ «գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա հստակեցման հարցը»: «Սրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր ենթահարցը: Առաջինի դեպքում` հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայումը, երկրորդի դեպքում` ադրբեջանցի փախստականների վերադարձը: Իսկ հարցերի հարցը մնում է նույնը` Ռամբույեում Քոչարյանն ու Ալիեւը կստորագրե՞ն արդյոք այս սկզբունքների տակ, եւ կիրականանա՞ն արդյոք միջազգային միջնորդների սպասելիքները», - գրում է թերթը:

«Այն, որ ՀՀ իշխանությունները հույս ունեին, թե այսօր մեկնարկած բանակցությունները կձախողվեն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, թերեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ», - գրում է «Իրավունք»-ը: - «Իրականում բավականին մեծ է հավանականությունը, որ Իլհամ Ալիեւը կհամաձայնի 1,5 էջանոց փաստաթղթի հետ, եւ Ռոբերտ Քոչարյանին այլ բան չի մնա, քան կա'մ սեփական նախաձեռնությամբ տապալել բանակցություններն ու հայտնվել Արեւմուտքի ուժգնացող ճնշումների ներքո, կա'մ ստորագրել մի փաստաթուղթ, որը Հայաստանում կառաջացնի, մեղմ ասած, հանրային դժգոհություն եւ հարցականի տակ կդնի ՀՀ նախագահի հետագա պաշտոնավարումը»:

Նույն թերթի հարցազրույցում «Երկրապահ» կամավորական միության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը համոզված ասելով, թե Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված ոչ մի բացասական բան ՀՀ նախագահը չի անի, պարզաբանում է. - «Ղարաբաղը հանրապետության նախագահի օջախն է, նա ինչ-որ բան ձրի չի տա թուրքերին, անհնար է... Ես համոզված եմ, որ նա կգերադասի հրաժարական տալ, քան ինչ-որ տարածքներ հանձնել»:


«Մի՞թե ազատագրված տարածքների պաշտպանության խնդիրը միայն հայ դիվանագիտության կամ ընդհանրապես հայկական զույգ պետությունների իշխանությունների գործն է, որի մասին հիշում ենք միայն այն պահին, երբ կասկածներ են առաջանում արյամբ ձեռք բերված հողերը թշնամուն վերադարձնելու շուրջ», - գրում է «Հայոց աշխարհ»-ը։ - «Ազատագրված տարածքների պաշտպանությունը ի վերջո յուրացման, այն է՝ բնակեցման խնդիր է, եւ դրա լուծումը ձգձգելու 12-ամյա տեղապտույտի համար մեղավոր է առաջին հերթին այդ տարիների ընթացքում համապատասխան զանգվածային շարժում չնախաձեռնած ազգի մտավոր ընտրանին»։

«Առավոտ»-ին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն նշում է. - «Փոխզիջումներ հնարավոր են, եթե բանակցությունների առանցքում դրվեն Մարդու իրավունքների, եվրոպական արժեքների, ինտեգրման հարցերը՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում եւ Ադրբեջանում»: «Ղարաբաղը այն օղակն է, որը սերտորեն կապում է մեր երկու ժողովուրդներին եւ թույլ է տալիս հարցին ռացիոնալ մոտեցում ցուցաբերելու դեպքում գտնել ընդհանուր լուծումներ, իսկ համաշխարհային պրակտիկան նման հաջող լուծումների օրինակներ տալիս է: Իսկ մենք ասում ենք՝ ադրբեջանցիները ֆիններ չեն, հայերն էլ շվեդներ չեն: Ինչո՞վ ենք պակաս»: Ադրբեջանցի քաղաքագետը առաջարկում է. - «Եկեք գոնե քաղաքականության մեջ մեր քաղաքակրթությամբ նմանվենք ֆիններին ու շվեդներին: Ի՞նչ ենք կառչել մեր «ազգային մենթալիտետներից», որոնք մեզ հետամնացության սյունին են գամում»:

«Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում փետրվարի 8-ին, պարզապես խայտառակություն էր», - ընդգծում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Քվեարկությունից հետո իշխանամետ ուժերը հերթով սկսեցին արդարանալ, թե իրենք քվեարկել են Արմեն Հարությունյանի օգտին, ձախողման համար մեղադրեցին միմյանց եւ սկսեցին իրար վրա բարդել «մեղքը»: Այնպիսի տպավորություն էր, թե կատարվել է քրեական հանցագործություն եւ ինչ-որ մեկը անպայման պատժվելու է»:

Նույն թերթի մեկ այլ հրապարակման մեջ մեկնաբանը նշում է. - «Փետրվարի 8-ին փորձ արվեց ապացուցել, որ կոալիցիան էլ տղամարդկություն ունի, իհարկե՝ կոլեկտիվ իմաստով: Նրանք վերցրեցին ու, Արմեն Հարությունյանին տապալելով, «աբարոտկա» տվեցին Քոչարյանին՝ ակնարկելու համար, որ խնդիր չէ՝ ձեր թեկնածուն, Ձերդ պայծառափայլություն, կանցնի, բայց միայն այն ժամանակ, երբ դա ցանկանանք մենք՝ առանձին-առանձին ու միասին վերցրած»:

«Որքան էլ խոսեն մկանների ցուցադրման, կամ թեկնածուի՝ նախագահի ներկայացուցիչ լինելու մասին, իրականում կարող է աշխատած լինել մի շատ պրիմիտիվ հանգամանք. պատգամավորներից շատերը սովորական մարդիկ են, որոնց համակրանք չի ներշնչել չափազանց գծված-չափված-ձեւված թեկնածուն, նրա առավել հակվածությունը ծառայելու ոչ թե մարդուն, այլ օրենքին», - «Ազգ»-ի փոխանցմանբ, ասել է իր անունը հրապարակել չցանկացած կոալիցիոն պատգամավորներից մեկը:


Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթի մատուցմամբ, ընդդիմության կողմից ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի առաջադրումը ամբողջացրեց նախորդ օրը տեղի ունեցած անակնկալը: «Հայկական ժամանակ»-ի պատկերմամբ՝ Հրանտ Խաչատրյանի առաջադրումը խափանեց բրեժնեւյան տարբերակով կոալիցիայի թեկնածուին մեկ ժամում ընտրելու, նրա ձեռքը սեղմելու ու տուն ուղարկելու արարողակարգը, ինչը ծրագրել էր ԱԺ մեծամասնությունը... Արարողակարգի խափանումը երեկ վերջնականապես ջղայնացրեց կոալիցիայի հատվածի մեծ մասին, որոնք «մուննաթ» էին գալիս, որ չորս օր խորհրդարանում «պարապ» նստելուց իրենց կենսական բիզնեսն արդեն մի քանի հազար դոլարի կորուստներ է ունեցել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG