Մատչելիության հղումներ

Թումանյանի կուսակցության հեռանկարային նպատակը ՀՀ-ի անդամակցությունն է Եվրամիությանը


Հայաստանյան մամուլում այսօր հրապարկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի կողմից հիմնադրվող «Նոր Երկիր» կուսակցության ծրագրի հիմնական դրույթների նախագիծը:

«Մեր հեռանկարային նպատակն է մինչեւ 2015 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը», - ասված է նախագծի «Նպատակներ եւ սկզբունքներ» բաժնում: «Արդար պետություն եւ արդյունավետ կառավարում» բաժնում նախագծի հեղինակները, գրելով, որ յուրաքանչյուր անհատի իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների անվերապահ կիրառումը հասարակության համերաշխության եւ առաջընթացի, համընդհանուր բարեկեցության եւ հոգեւոր զարթոնքի ուղին է, այդ նպատակին ծառայող «օրենսդրական եւ գործնական» քայլերի մեջ նշում է «լիակատար համամասնական ընտրակարգի անցնելու» անհրաժեշությունը, «զանգվածային լրատվամիջոցների անկախությունն ու պաշտպանվածությունը երաշխավորելը, կուսակցությունների եւ անհատների համար զանգվածային լրատվամիջոցների հավասար հասանելիությունը ապահովելը»:

Նախագծի հեղինակների համոզմամբ, Ազգային ժողովի գործունեությանը մեծապես կնպաստի «ԱԺ նիստերի մշտական հեռարձակումը եւ անկողմնակալ լուսաբանումը հանրապետության ամբողջ տարածքում սփռվող հեռուստաալիքով եւ ռադիոհաճախականությամբ»:

Դատական համակարգը բարեփոխելու նպատակով, ի թիվս այլ քայլերի, ըստ նախագծի, անհրաժետ է. - «Բացառել գործադիր իշխանության մասնակցությունը դատավորների նշանակման եւ լիազորությունների դադարեցման հարցում՝ առավելագույնս բարձրացնելով արդարադատության խորհրդի դերը», «գործող դատավարական եռաստիճան համակարգը փոխարինել երկաստիճանով»:

Տնտեսությանը վերաբերող բաժնում մեծ տեղ է հատակցված զբաղվածությանը. - «Տնտեսական քաղաքականության հաջողություններն ու անհաջողությունները պետք է գնահատվեն, առաջին հերթին, զբաղվածության ընդլայնման տեսակետից... Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ իրական գործազրկության մակարդակը քաղաքային բնակավայրերում գերազանցում է ակտիվ բնակչության 30 տոկոսը, որը չափազանց բարձր ցուցանիշ է... Տնտեսական կայուն եւ հարատեւ աճի ապահովումը պահանջում է գործազրկության իրական մակարդակի նվազեցում մինչեւ 5 տոկոսի սահմանը»:

Կուսակցությունը հարկերին, ֆինանսներին եւ բյուջեին վերաբերող ոլորտում անհրաժեշտ է համարում «վերացնել աշխատավարձի եկամտահարկի սանդղակը», «թույլատրել ամուսինների եկամտահարկի միասնական հարկումը», «վերացնել շահութահարկը՝ միաժամանակ սահմանելով շահաբաժինների հարկում», «ներդրումների խրախուսման նպատակով վերանայել հիմնական միջոցների ներկրման կամ իրացման դեպքերում կիրառվող ավելացված արժեքի հարկի գանձման համակարգը»:

«Նոր Երկիր» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 18-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG