Մատչելիության հղումներ

Փիրսինգ՝ զվարճա՞նք, թե՞ ինքնարտահայտման միջոց


Փիրսինգը հնուց է գալիս. այս արվեստը ծանոթ է եղել հնագույն ազգերին: Հին հույներն, օրինակ, մեծ հաճույքով իրենց մարմինը զարդարում էին թանկարժեք մետաղներից պատրաստված օղերով:

Փիրսինգով երիտասարդների հաճախ կարելի է հանդիպել նաեւ Հայաստանում: Նրանք օղեր են կրում քթին, կզակին, ականջներին, լեզվին եւ այլուր:

Երեւանյան գեղասրահներից մեկի տնօրեն, փիրսինգի մասնագետ Փառանձեմ Փահլեւանյանն ասում է, որ Հայաստանում դա արդեն սովորական երեւույթ է դարձել, եւ փիրսինգով այլեւս որեւէ մեկին չես զարմացնի:

«Մեզ մոտ եկողների թիվը վերջին շրջանում ավելացել է», - ասում է Փառանձեմը: -«Երեւի մեծացել է քաղաքում հետաքրքրությունը փիրսինգի նկատմամբ: Հաճախորները հիմնականում տեղացիներ են, բայց լինում է, որ արտասահմանցիներ էլ են գալիս: Ասեմ, որ տղաներ էլ են սկսել մեզ այցելել: Օրինակ՝ մի քանի տղա, որոնք պարողներ են, քթին փիրսինգ արեցին, 4 սփյուռքահայ էլ վերջերս կզակներին օղեր դրեցին»:

Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Դիանան գտնում է, որ փիրսինգը բացասական երեւույթ է, եւ երաշխիք չկա, որ առողջությանը վնաս չի հասցնի:

«Ես դեմ եմ ժամանակակից այդ բաներին: Մի քանի տարի առաջ ծանոթս մահացավ պորտին փիրսինգ անելուց երեք օր անց: Նրա օրգանիզմում հայտնաբերվել էին հերպես տիպի վիրուսներ, որոնք էլ քայքայել էին օրգանիզմի առողջ բջիջները: Իսկ այդ ամենի պատճառը հիգիենային կանոնները չպահպանելն էր», - ասում է Դիանան:

Աշխարհում ամենաշատ փիրսինգներ ունեցող մարդը անգլուհի Էլայն Էդիսոնն է: Նախկին բուժքույր Էլայնի մարմնի վրա 700 փիրսինգ կա, որից 30-֊ը լեզվի վրա է: Նա երբեք չի հանում իր զարդերը, որոնց ընդհանուր կշիռը երեք կիլոգրամ է:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG