Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի հարցին՝ ի՞նչ հաջողվեց Ձեզ մոտ երկու տարվա գործունեության ընթացքում, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատասխանում է. - «Հաջողվեց ապացուցել, որ Հայաստանում հասարակությունը եւ մինչեւ իսկ իշխանավորների բավականին մեծ թիվը պատրաստ է դրական փոփոխությունների: Ցավոք, վերնախավի քաղաքական կամքի բացակայությունը, բոլորովին խեղաթյուրված պատկերացումներն իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական պետության կայացման մասին խոչընդոտում են Հայաստանի առաջընթացին»: Հարցազրույցում Ալավերդյանը նշում է. - «Ստանձնելով այդ պաշտոնը՝ ես համակված էի մի շատ վեհ գաղափարով, որ առանց մարդու իրավունքների եւ օրինականության պաշտպանության հնարավոր չէ Հայաստանի զարգացումը: Երկրորդ՝ ես դա ընկալում էի իբրեւ Արցախյան շարժման շարունակություն: Եթե այն ժամանակ վտանգը դրսից էր եւ պետք էր դրսին դիմակայել, ապա հիմա դա մեր մեջ է»:

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության երկեվա քննարկումներից «Առավոտ»-ը փոխանցում է. - «ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը առաջարկեց, որ երկու թեկնածուներն էլ հանեն իրենց թեկնածությունը, սակայն թեկնածուներից ոչ մեկը այդ առաջարկը չընդունեց»: Հրանտ Խաչատրյանը նշել էր. - «Մեծամասնության ճամբարում արդեն լուրեր են տարածվում, թե Ռուբեն Թորոսյանը իր բնավորությամբ ավելի վատն է, քան Արմեն Հարությունյանը... Վերջինիս մասով էլ ասվեց, որ չի կարելի նրան «փչացնել»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը ներկայացնում է հատվածներ թեկնածուների եզրափակիչ ելույթներից: Եզրափակիչ խոսքում Ռուբեն Թորոսյանը նշել էր. - «Աշխատենք միասին եւ բարյացակամ»: Արմեն Հարությունյանի խոսքից էլ թերթում մեջբերված է. - «Ովքեր գտնում են, որ ես կամակատար եմ լինելու, թող ինձ ձայն չտան»:

«Նախ պետք է սպասել ու տեսնել, թե ով է ընտրվելու մարդու իրավունքների պաշտպան», - «Հայոց աշխարհ»-ում ասում է ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: - «Միաժամանակ սխալ է այն մոտեցումը, թե մարդու իրավունքների պաշտպանը իշխանությունների թշմանին է, կամ այդպիսին պետք է լինի»:

«Առավոտ»-ի խմբագրի գնահատմամբ՝ ընդդիմության կողմից նախ խոցելի էր թեկնածուի ընտրությունը. - «Շատ ավելի տրամաբանական կլիներ առաջարկել Լարիսա Ալավերդյանին, որն իր աշխատանքով, համենայդեպս, ապացուցեց, որ կամակատար չէ»: Իսկ «Հայկական ժամանակ»-ում ամփոված-ձեւակերպված է. - «Երեկ ԱԺ-ում ընդդիմությունն աշխատում էր փչացնել մարդու իրավունքների պաշտպանի կոալիցիայի թեկնածուին, իսկ կոալիցիան՝ հակառակը»:

«Ռոբերտ Քոչարյան - Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկների հանդեպ երկու երկրների հասարակայնությունը հայտնվել է տրամագծորեն հակառակ դիրքերում», - տարանջատում է «Հայոց աշխարհ»-ը՝ նշելով. - «Ի տարբերության հայ հասարակայնության, Ադրբեջանը կատարյալ խուճապի մեջ է։ Անգամ ակնհայտորեն արեւմտամետ ուղղվածություն ունեցող ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտորեն խոսում են «Ռամբույեի դավադրության», «Ադրբեջանի կապիտուլյացիայի» եւ սեփական իշխանությունների ոտքերի տակ դրված «Ղարաբաղյան դետոնատորի» մասին, որը կարող է պայթել, եթե նրանք ստորագրեն համանախագահների պատրաստած 1,5 էջանոց փաստաթուղթը։ Եզրակացությունը միանշանակ է. նման փաստաթղթի ստորագրումը ազգային դավաճանության ակտ է լինելու, որը վերջ է դնելու Իլհամ Ալիեւի ու նրա կլանի տիրապետությանը»։

«Քյալամ պաշտոն» վերանգրի ներքո անդրադառնալով վարչապետի երեկվա որոշմանը, որով «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագրի իրականացումը նախապատրաստող աշխատանքային խումբ է ստեղծվել, որի ղեկավար է նշանակվել ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանը՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մոտ 230 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումները հետաքրքիր ուղղությամբ են ընթանում»: Ըստ թերթի՝ աշխատանքի նախապատրաստական մասը իրականացրած, մեկ շաբաթ առաջ պաշտոնից հրաժարված ֆինանսների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը համարվում էր Հայաստանի փոքրաթիվ այն պաշտոնյաներից, որի ազնվությունը երբեք կասկածի տակ չի դրվել: «Ներկայումս, երբ արդեն սկսվում է հաջորդ փուլը, եւ «փողերի հոտը» սկսում է զգացվել, աշխատանքը շարունակում է Ավետիսյանը, որը ի պաշտոնե զբաղվում է շահումով խաղերի, վիճակախաղերի, լոտոների լիցենզավորմամբ», - գրում է թերթը:

«ԱԺ ՀՅԴ խմբակցությունը մտահոգված է այն փաստերով, որ թուրքական ընկերությունները հնարավորություն են ստացել ներգրավվելու Սոթքի հանքավայրում հետազոտական եւ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի քարտեզագրման աշխատանքներում», - փոխանցում է «Հայոց աշխարհ»-ը:


«Խոշոր հարկատուների ցուցակին ուշադիր ծանոթանալուց հետո պարզվում է, որ մեր երկրում միակ խոշոր հարկատուն հասարակ ժողովուրդն է», - «Առավոտ»-ում ասում է տնտեսագետ էդուարդ Աղաջանովը՝ մատնանշելով. - «Երբ ներկրած յուրաքանչյուր տոննա բենզինի համար «Ֆլեշը» վճարում է հաստատագրված վճար՝ 114 հազար դրամ, ապա այդ 114 հազար դրամը դնում է վաճառվող բենզինի գնի վրա եւ նոր միայն վաճառում: Հետեւաբար ստացվում է, որ այդ հարկը մուծում է գնորդը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG