Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքը տարեւերջին կկազմի 1,215 միլիարդ դոլար


Հայաստանի արտաքին պետական պարտքը այս տարվա վերջին կկազմի 1 միլիարդ 215 միլիոն դոլար։ Տարվա ընթացքում այն կաճի 107,5 միլիոն դոլարով։ Թեեւ երկրի արտաքին պարտքի ընդհանուր գումարն աճում է, սակայն, այն մարելու հնարավորություններն էլ ավելի են մեծանում։ Համենայնդեպս, արտաքին պարտքի բեռը գնահատող ցուցանիշը վերջին տարիներին էապես իջել է. այս տարվա վերջին այն կկազմի 21 տոկոս՝ անցյալ տարեվերջի 24 տոկոսի փոխարեն։

Առաջիկա մի քանի տարիներին արտաքին պարտքի ցուցանիշների հետագա բարելավում է սպասվում, քանզի ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը վերջերս վավերացրեց Հայաստանին տրամադրվելիք 236,5 միլիոն դոլար նվիրատվության համաձայնագիրը, որը, ամենայն հավանականությամբ, առաջիկա 1,5-2 ամսվա ընթացքում կստորագրվի կողմերի միջեւ ու վավերացումից հետո գործողության մեջ կմտնի։

Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը հնարավորություն է ստանում առանց արտաքին պարտքի զգալի մեծացման լուծել իր հիմնական ենթակառուցվածքների եւ ավտոմայրուղիների արդիականացման խնդիրը եւ միաժամանակ ավելի հեշտությամբ սպսարկել արտաքին պարտքը։ Այս տարվա ընթացքում պետական բյուջեից արտաքին պարտքի սպասարկման նպատակով կվճարվի մոտ 61 միլիոն դոլար։ Ամենամեծ վճարումն արվում է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ մոտ 33 միլիոն դոլար։

Այս տարվա ընթացքում սպասվող դոլարի հետագա արժեզրկումը կառավարությանը թույլ կտա խնայել արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարների մոտ 5 տոկոսը։

Մյուս կողմից, գազի ներմուծման գների սպասվող բարձրացումը կարող է որոշակիորեն բարդացնել պետական ֆինանսների, այդ թվում եւ արտաքին պարտքի վիճակը։ Համենայնդեպս, տարեսկզբին վարչապետ Մարգարյանի արած հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը չի պատրաստվում գազի ներկա ու ապագա գնի տարբեության չափով վարկ վերցնել Ռուսատանից՝ վերջինիս առաջարկած պայմաններով ու միաժամանակ հնարավորություններ ունի այնպես անել, որ բնակչությունը շոշափելիորեն չզգա գազի թանկացումը, նշանակում է, որ արտաքին աղբյուրներից ավելի էժան վարկի ձեռքբերման հնարավորություններ կան։


Ատոմ Մագրարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG