Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Հայաստանում քաղաքական մշակույթ է ձեւավորվել


Ըստ երիտասարդ քաղաքական ակտիվիստների՝ կայացած քաղաքական համակարգի բացակայության պայմաններում քաղաքական մշակույթի կայացման մասին խոսելն անիմաստ է: «Ունենք չկայացած քաղաքական կուսակցություններ, ունենք հայհոյախառը ելույթներով եւ երբեմն բռնցքամարտով ուղեկցվող բարձրագույն օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով: Ի՞նչ քաղաքական մշակույթի մասին է խոսքը»,- ասում է ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ի պատասխան Իշխան Սաղաթեյանի այս հայտարարությանը, «Օրինաց երկրի» երիտասարդական թեւի առաջնորդ եւ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Սամվել Ֆարմանյանն ասաց, որ մեր երկրում ժողովրդավարության կայացմանը համընթաց ձեւավորվում է նաեւ քաղաքական մշակույթը: «Պարզապես այս հարցում առաջնահերթ է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը», - համոզված է նա:

«Մենք խոսում ենք քաղաքական գործընթացներում երիտասարդության ներգրավվածության մասին, բայց մոռանում ենք, որ շատ երիտասարդներ այսօր ծվարել են իշխանական թեւերի հովանու ներքո՝ զուտ կերակրամանին մոտ լինելու համար», -ասում է «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Աննա Գրիգորյանը:

Երիտասարդ քաղաքական ակտիվիստները համակարծիք են, որ երիտասարդները պետք է անմիջական մասնակցություն ունենան քաղաքական գործընթացներին եւ իրենք են այն ուժը, որը պետք է քաղաքական մշակույթ ձեւավորի: Սակայն, օրինակ, Սամվել Ֆարմանյանը համաձայն չէ, որ երիտասարդները կոռումպացվում են եւ քաղաքականացվում, որպեսզի մոտ լինեն կերակրամանին: Նրա խոսքով՝ «Օրինաց երկրի» կազմում կան երիտասարդներ, ովքեր ներկայումս աշխատում են Ազգային ժողովում եւ ստանում են տասն անգամ ավելի քիչ աշխատավարձ, քան մինչ այդ էին ստանում: «Ազգային ժողովի նախագահի խորհրդական լինելը ինձ որեւէ բան չի տալիս», - ասում է Սամվել Ֆարմանյանը:

«Օրինաց երկրի» երիտասարդական թեւի առաջնորդը կարեւոր է համարում, որ «մեր հասարակությունը արդեն հաղթահարել է վախի դարաշրջանը»: «Անձամբ ինձ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու եւ «ոչ» քարոզելու համար բերման են ենթարկել ոստիկանություն: Ինչպե՞ս կբացատրեք իմ ձերբակալությունը: Արդյո՞ք նրանով, որ մենք հաղթահարել ենք վախի հասարակությունը», - հակադարձում է «Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Նարեկ Մալյանը, ում ձերբակալել էին սահմանադրական հանրաքվեի նախօրեին:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG