Մատչելիության հղումներ

Թուրքիայում սկսվում է լրագրողների դատը


Թուրքիայում այսօր կքննվի հինգ լրագրողների դատական գործը, ովքեր մեղադրվում են Թուրքիայի պետական դատական մարմիններին վիրավորելու եւ դրանց վրա ճնշում գործադրելու փորձի մեջ:

«Ֆրասնպրես»-ի փոխանցմամբ, անցած տարվա սեպտեմբերին «Ռադիկալ» թերթի 4 լրագրողները, ինչպես նաեւ «Միլլիեթ» թերթի թղթակիցըլ իրենց հոդվածներում քննադատել են Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի անցկացումը արգելելու՝ թուրքական դատարանի որոշումը: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է 6 ամսից մինչեւ 10 տարի ազատազրկում:

«Ես ոչինչ չեմ արել՝ միայն վայելել եմ խոսքի ազատության իմ իրավունքը ու ասել, որ գիտաժողովի անցկացումը անհրաժեշտ էր, եւ դատարանը խոչընդոտել է ժողովրդավարության կայացումը», - «Ֆրանսպրես»-ին ասել է «Միլլիեթ»-ի լրագրող Հասան Ջեմալը:

Վետերան լրագրողը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ խրախուսել «մտածելակերպի փոփոխությունը» դատական ատյաններում, ինչպես նաեւ բարեփոխել Թուրքիայի Քրեական օրենսգրքի վիճահարույց 301 հոդվածը, որը պատիժ է նախատեսում «Թուրքիայի պետական ատյանները վիրավորելու» համար եւ որով դատական հետապնդման են ենթարկվել մեծ թվող մտավորականներ:

Այս հոդվածով մեղադրանք էր ներկայացվել աշխարհռչակ թուրք գրող Օրհան Փամուկին: Խոսքի ազատության եւ լրագրողների իրավունքներով զբաղվող թուրքական BIA ոչ կառավարական կազմակերպության տվյալներով, Թուրքիայում 301 հոդվածով ներկայումս դատական գործեր են հարուցվել 29 լրագրողների եւ հրատարակիչների դեմ:

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում խուսափեց կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները այսօրվա նիստի ժամանակ` նշելով միայն, որ հետաքրքրությունը այս պրոցեսի հանդեպ բավական մեծ է:

Հրանտ Դինկը ենթադրում է, որ ի վերջո այս գործն էլ է կարճվելու ճիշտ այնպես, ինչպես կարճվեց Օրհան Փամուկի դեմ հարուցված գործը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG