Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների նոր պաշտպանին խորհրդարանը կընտրի վաղը


Թեեւ Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստը գրեթե ամբողջությամբ նվիրվեց Մարդու իրավունքների պաշտպանին առնչվող հարցերին, նոր օմբուդսմենի ընտրության քվեարկությունը որոշվեց անցկացնել երեքշաբթի օրը: Այսօր արդեն, այդուհանդերձ, հստակ է, որ Կառավարման ակադեմիայի նախագահ Արմեն Հարությունյանն ունի օմբուդսմեն ընտրվելու համար անհրաժեշտ առնվազն 81 կողմ ձայները:

Սահմանադրության փոփոխությունների հարցով Ազգային ժողովում երկրի նախագահին ներկայացրած իրավագետ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում են ոչ միայն կոալիցիայի երեք խմբակցությունները, այլեւ «Ժողպատգամավոր» խումբը:

«Պետք է ձեւավորվի քաղաքացիական հասարակություն, եւ միայն այդ պայմաններում կարելի է խոսել մարդու իրավունքների երաշխավորության եւ պաշտպանության մասին: Այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանը չպետք է կանգնի պետական ինստիտուտների մեջտեղը եւ բոլորին մատով ցույց տա եւ սկսի խելք սովորացնել», - իր ապագա գործունեությունը ձեւակերպեց Արմեն Հարությունյանը:

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Արմեն Հարությունյանի թեկնածությունն առաջադրող ելույթում ասաց. - «Հանրաքվեից հետո նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, նպատակահարմար ենք գտել Արմեն Հարությունյանի թեկնածությունը»:

Հարությունյանի միակ մրցակիցը՝ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանն է:

Ձայների ճնշող մեծամասնությամբ Ազգային Ժողովը այսօր նաեւ որոշեց մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարան հրավիրել առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին ու նրան ելույթ ունենալու հնարավորություն տալ:

«Խնդիրը այստեղ ոչ թե անձի ներկայացնելն է. խնդիրը ինստիտուտի գործունեությունը ներկայացնելն է Ազգային ժողովին», - դեռ նիստից առաջ ասել էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քննարկման ժամանակ ընդդիմադիրները պահանջում էին նախ նախկին պատշպանի տարեկան զեկույցը լսել, ապա՝ նոր պաշտպանին ընտրել:

«Հարցը մի պարզ պատճառով չենք կարող լսել, որովհետեւ մենք չունենք մարդու իրավունքների պաշտպան: Ոչ էլ ունենք զեկույց», - հակադարձեց Արթուր Բաղդասարյանը՝ շարունակելով. - «Բայց ես կողմնակից եմ, որ անպայման այդ տիկինը, որը աշխատել է, իր ելույթով, իր զեկույցով Ազգային ժողովում հանդես գա»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ներկա չի գտնվի խորհրդարանում իր զեկույցի ներկայացմանը եւ ելույթ էլ չի ունենա:

Լարիսա Ալավերդյանը ասաց նաեւ, որ 2005 թվականի իր գործունեության մասին զեկույցը մտադիր է տեղադրել հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ինտերնետային էջերում:

Այն, ինչ կատարվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ, նախկին օմբուդսմենի համոզմամբ, ապացուցում է, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի է պատրաստ ժողովրդավարական բարեփոխումների, քան այսօրվա իշխանությունները:

«Տվյալ դեպքում իշխանությունները, ըստ էության, արդեն խնդիրը պարզ են դրել՝ ուղղակի խիստ պաշտպանվել պաշտպանից եւ պաշտպանել իրենց ինչ-ինչ խմբակային շահերը», - հավելեց նա:


Ռուզան Խաչատրյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG