Մատչելիության հղումներ

Միկկո Էլլո. «Որեւէ բանի վրա աչք փակելու մտադրություն չունեմ»


«Ես գործելու եմ Եվրախորհրդի կանոններով ու սկզբունքներով. այլ կերպ չեմ էլ կարող գործել: Հետեւելու եմ, որպեսզի ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից եւ իրավական պետության սկզբունքներից շեղումներ չլինեն: Որեւէ բանի վրա աչք փակելու մտադրություն չունեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով նոր համազեկուցողներից ֆինն սոցիալիստ 73-ամյա Միկկո Էլլոն:

Նա ասաց, որ պատրաստվում է Հայաստան ժամանել գարնան երկրորդ կեսին՝ մինչեւ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանը՝ դիտարկելու, թե ինչպիսի զարգացումներ կան ժողովրդավարական հաստատությունների աշխատանքում:

«Եթե ես ճիշտ եմ տեղեկացված, ապա Հայաստանում առկա է ժողովրդավարական զարգացումները խորացնելու եւ ընդլայնելու ազատ տարածություն», - ասաց Էլլոն: - «Դառնալով Եվրախորհրդի անդամ՝ Հայաստանը պարտավորվել է կիրառել մարդու իրավունքների, ժողովրդավարության հիմնարար սկզբունքները: Նույն պարտավորություններն է ստանձնել նաեւ Ադրբեջանը»:

Ֆինն պատգամավորը ասաց, որ թեպետ երբեք չի եղել Հարավային Կովկասում, «մեծ հետաքրքրություն» ունի «Եվրոպայի այդ մասի նկատմամբ». - «Ես բավականին լավ հարաբերություններ ունեմ Հայաստանի պատվիրակության անդամների մեծ մասի հետ եւ ինքս եմ նախաձեռնություն ցուցաբերել Հայաստանի հարցով համազեկուցող դառնալու գործում»:

Հայաստանի հարցով մյուս նոր համազեկուցողը ԵԽԽՎ-ում ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Կոլումբիեն է:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG