Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյան. «Ազգային Ժողով իմ մուտքն արգելելը հատուկ նպատակ ունի»


Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանը, որի օրակարգում ընդրգկված է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2005 թվականի գործունեության հաշվետվությունը: Սակայն Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին հղած պատասխանում մեջբերում է արել համապատասխան օրենքից ու նկատել, որ օմբուդսմենի գործունեության հաշվետվությունը պետք է ներկայացնի մարդու իրավունքների արդեն նոր պաշտպանը: Լարիսա Ալավերդյանը այս պատասխանը «աննախադեպ» է որակում:

«Օրենքում շատ պարզ գրված է. պաշտպանը զեկուցում է իր գործունեության մասին: Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է մեկ անձը զեկուցի այլ անձի գործունեության մասին: Այս ամենը ամոթալի ձեւով ցույց է տալիս մեր վերնախավի իրավագիտակցական մակարդակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը կարծում է, որ Ազգային Ժողով իր մուտքն արգելելը հատուկ նպատակ ունի. - «Խնդիրը երկրորդ զեկույցն է, առաջին զեկույցը դեռ չեն մարսել: Չեն ուզում, որ լինի այդ զեկույցը, որովհետեւ ես ասել եմ՝ ինչ է լինելու երկրորդում»:

«Վերնախավը վախենում է այդ զեկույցի բոլոր կետերից: Աշխարհընկալման մի մակարդակ է պետք, որ հասկացվի՝ այդ զեկույցը եւ զեկուցողը գալիս են օգնելու թե' մարդուն, թե' պետությանը եւ թե' երկրի զարգացմանը: Իսկ մեզանում կա հնաոճ մոտեցումը, որ միայն գովասանքով է փառաբանվում երկիրը, եւ դու պետք է միայն փառաբանես: Իսկ մարդու իրավունքների պաշտպանին օրենքը թույլ չի տալիս դա անել», - եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Նախագահ Քոչարյանի՝ հունվարի 4-ի հրամանագրով, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ, ստեղծվել էր մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնող ժամանակավոր հանձնաժողով: Ալավերդյանը, հակասահմանադրական համարելով այդ հրամանագիրը, դիմել Սահմանադրական դատարան: Վերջինս, սակայն, մերժել էր հայցը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG