Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ուղիղ 8 տարի առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ ե’ւ հանրությունը, ե’ւ իշխանական վերնախավի զգալի մասը՝ այդ թվում այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, անընդունելի համարեցին ու մերժեցին նրա կողմից ներկայացված ղարաբաղյան կարգավորման տարբերակը: Ճակատագրի հեգնանքով ստացվել է այնպես, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը մերժող Ռոբերտ Քոչարյանը եւ նրա մերձավոր շրջապատը, որն առաջարկում էր փաթեթային տարբերակ, այժմ կանգնած է փուլային տարբերակ նախատեսող փաստաթղթի ստորագրման նախաշեմին», - կապակցում է «Իրավունք»-ը՝ բխեցնելով. - «Եվ ամենեւին չպետք է բացառել, որ նույն ճակատագիրն ունենալու ուրվականը ծառանալու է Ռոբերտ Քոչարյանի առաջ»:

«Անցած տարիներին Հայաստանը որոշ հարցերում մի քիչ առաջընթաց է ունեցել, որոշ հարցերում՝ մի քիչ ետընթաց: Հանրագումարում, ըստ էության եւ մեծ հաշվով, մենք դոփել ենք տեղում՝ չկարողանալով լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներից կարեւորագույնները: Նույն Արցախի հարցը ծառայեցվում է իշխանության երկարաձգմանը», - սահմանված է «Այբ-Ֆե»-ում:

«Տեր-Պետրոսյանը հրաժարվեց իշխանությունից ոչ թե այն պատճառով, որ չէր կարող այն պահպանել, այլ այն պատճառով, որ պիտի ընտրություն կատարեր իրական իշխանության եւ իշխանության մասին իր ունեցած երազանքի միջեւ: Նա ընտրեց երազանքը, եւ իշխանության բուրգում գտնվող բոլոր երազողները գնացին նրա ետեւից», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Անցել է 8 տարի. Տեր-Պետրոսյանի ետեւից չգնացածները Հայաստանին զրկել են երազանքից ու իրականացրել են իրենց երազանքը: Նրանք ունեն «Համմերներ», բուռաններ, փող, շատ փող: Ասել է թե՝ երազելու այլեւս ոչինչ չունեն: Իսկ սա թերեւս նշանակում է, որ մոտենում է Հայաստանի երազելու հերթը, եւ գալիս է ժամանակը, երբ երկիրը չի կարող ապրել առանց երազանքի»:

Ըստ «Չորրորդ իշխանության», 1998 թվականի փետրվարի 3-ից հետո Հայաստանի քաղաքական դաշտը «հայտնվել է հայտնի հեքիաթի յոթ ուլիկների վիճակում, որոնց մայրն անորոշ ժամանակով հեռացել է, ու չար գայլը դրանից օգտվելով ոնց ուզում խաբում է ուլիկներին». - «Ուլիկները, իհարկե, բնազդով զգում են, որ իրենց առջեւ չար ուժ է, բայց ոչինչ անել չեն կարող: Այլ ելք չկա. կամ պիտի սպասեն մինչեւ մեծերը գան, կամ պիտի իրենք հասունանան»:

«Հայոց աշխարհ»-ում Ալվարդ Պետրոսյանը առաջարկում է. - «Ես կարծում եմ, որ պետության ղեկավարը պիտի ռազմական դրություն հայտատարի մշակույթի ոլորտում: Ու ոչ թե նրա համար, որ խուճապային իրավիճակ է, ու երկրում տաղանդավոր մարդ չի մնացել, այլ որովհետեւ այդ համակարգը ուղղորդվելու կարիք ունի»:

«Երբ մեր գործիչներն ու մեկնաբանները հայտարարում են, թե Հայաստանում քաղաքական համակարգը դեռ չի կայացել, նրանք մեղմացնում են իրավիճակը: Որովհետեւ «դեռ չի կայացել» բնորոշումը կարծես թե ենթադրում է, որ այդ համակարգը կայացման փուլում է: Մինչդեռ կայանալու, ձեւավորվելու որեւէ միտում այսօր չի նկատվում: Ճիշտ հակառակը՝ 80-ականների վերջում նշմարվող սաղմերն այսօր վերջնականապես քայքայվում եւ վերանում են», - նշում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ եզրակացնելով. - «Քաղաքական համակարգի բացակայության հիմնական պատճառն այն է, որ ներկայումս Հայաստանում չկա մարդ, որը հավատում է, թե քաղաքական գործունեությամբ հնարավոր է որեւէ բան փոխել»:

«Չորրորդ իշխանության» հայացքով, ներքաղաքական պայքարի ողջ տրամաբանությունն այսօր «խարսխված է միանգամայն սխալ պատկերացումների վրա». - «Հայաստանում այսօր հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել... Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ: Որովհետեւ ընդդիմությունն ի վիճակի չէ իրականացնել այդ իշխանափոխությունը»: «Եվ որեւէ մեկի մտքով չի անցնում առարկել՝ «ներողություն, բայց եթե ընդդիմությունը ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնել, դա դեռ չի նշանակում, թե իշխանափոխությունն անհնար է», - առարկում է թերթը՝ մատնանշելով. - «Իշխանափոխություն կարող են իրականացնել հենց իշխանությունների ներսի ուժերը»:

«Այսօր Հայաստանը հայտնվել է որեւէ տրամաբանությունից դուրս իրավիճակում: Եվ այս իրավիճակում խոսել ընդդիմության պարտության մասին՝ ճիշտ չեմ համարում», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը: - «Պետք է խոսել երկրի վրա կախված սպառնալիքի մասին: Այսօր մենք ունենք մի իշխանություն, որը բացարձակապես դուրս է վերահսկողությունից»: «Իշխանությունը իր գործելակերպով Հայաստանը դարձրել է շատ խոցելի», - սահմանում է ընդդիմադիրը՝ ներկայացնելով. - «Այսօր էլ դեմոկրատական հեղափոխության կարգախոսը մեզ համար մնում է օրակարգում»:

«Նոր ստեղծվելիք քաղաքական ուժերի շուրջ ստեղծված այս եռուզեռը բավականին ուռճացված է», - «Հայոց աշխարհ»-ում նկատում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: - «Մտահոգություն կառաջացնի միայն այն հանգամանքը, եթե տեղի ունենա քաղաքական դաշտի այլասերման գործընթաց: Փորձ արվի քաղաքականությունը վերածել առանց կանոնների կոպիտ բիզնեսի»: «Սա է, որ կարող է մեր քաղաքական մշակույթին ծանր հարված հասցնել», - ընդգծում է նա՝ շարադրելով. - «Իսկ ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտում նորմալ մթնոլորտ ձեւավորելու համար կարելի է որդեգրել մի քանի պարզ սկզբունքներ. «Մի գցիր», «Մի բամբասիր», «Ժամանակից շուտ խուճապի մի մատնվիր եւ ճամբարը մի փոխիր»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG