Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Բացասականը նա է, որ քաղաքական դաշտում մեծանում է փողի դերը»


«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ասաց, որ հայաստանյան օլիգարխների կողմից կուսակցությունների ստեղծման մեջ տեսնում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

«Քաղաքական դաշտում ստվերային դրսեւորումները եւս շատ են, այդ թվում՝ տարբեր օլիգարխների կողմից տարբեր քաղաքական կառույցների ֆինանսավորման մասին տարբեր կարգի լուրեր են պտտվում: Մարդիկ որոշել են ստեղծել կուսակցություններ. այս իմաստով ես դրական եմ վերաբերվում՝ ստվերային դաշտից տեղափոխումը հրապարակային քաղաքական դաշտ: Բացասականը նա է, որ քաղաքական դաշտում մեծանում է փողի դերը: Փողով ձայներ գնելու այդ արատավոր ավանդույթը, որ Հայաստանում տարածված է, կարող է հետագայում ավելի վատ դրսեւորումներ ունենալ», - ասաց Արթուր Բաղդասարյանը:

«Եթե խոսում ենք ժողովրդավարությունից», - շարունակեց նա, - «բնականաբար, պետք է խոսենք բաց, թափանցիկ տեխնոլոգիաներից, այլ ոչ թե ընտրակաշառքներից: Այս իմաստով բացասական է, որ փողի դերը շատ է մեծանում: Սրանով նաեւ այլասերվում են շատ իրողություններ, վերանում է հավատը ընտրական գործընթացի, պետության, պետականության [նկատմամբ]: Ամեն ինչ դրսեւորվում է փողի՝ ով ինչքան տվեց, շրջանակներում»:

Ազգային ժողովի նախագահի համոզմամբ, բոլոր ընտրակաշառք բաժանողներին պետք է ենթարկել պատասխանատվության: Անգամ օլիգարխներին՝ եթե ձայներ կեղծելու մեթոդն են գերադասել:

Իսկ իր ղեկավարած կուսակցությունը գաղափարական կռվի է պատրաստվում:

«Երբ 1999 թվականին «Օրինաց երկիր»-ը մուտք գործեց առաջին ընտրություններին, այն ժամանակ էլ մեր դեմ լուրջ աշխատում էին: 2003-ին՝ ոչ պակաս: Դեռ 2007-ը չկա, բայց շատ ուժեր առավոտից երեկո զբաղված են «Օրինաց երկրին» կամ Արթուր Բաղդասարյանին վարկաբեկելով», - ասաց նա՝ չնշելով, թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG