Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ում անդրադառնալով նոր ստեղծվող կուսակցություններին եւ դրանց հավակնություններին՝ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդգծում է. - «Ցավալի միտումներ կան, որոնք այսօր դեռ ողբերգական չեն դարձնում իրավիճակը, բայց աստիճանաբար փողի ազդեցությունը մեծանում է ընտրական եւ քաղաքական գործընթացներում, եւ եթե ապագա խորհրդարանը փողի ազդեցությունը կրի՝ որպես ամենաուժեղ գործոնի, ինչպես բազմակուսակցական համակարգի, այնպես էլ Հայաստանի ապագան կարող է վտանգված լինել»:

Նույն թերթում Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհուրդ տալով չուռճացնել խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավորությունները, նկատում է, թե «Բարգավաճ Հայաստան»-ը պայքարելու է ոչ թե ընդդիմության, այլ իր նմանների հետ, իսկ «երբ մի շրջանի ֆեոդալը հանրապետական մասշտաբի հավակնություններ է ունենում, անպայման հանդիպում է մեկ այլ շրջանի ֆեոդալի դիմադրությանը»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պարբերաբար հետաձգում է ենթադրվող այն հայտարարությունը, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով եւ ի՞նչ նպատակ է հետապնդում ժամանակ ձգելը, Հայաստանի վարչապետ, ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանն արձագանքում է. - «Այդ հարցի շուրջ ես որեւէ բան չեմ կարող ասել: Երբ ինքը որեւէ բան կասի, այդ ժամանակ էլ մենք կմեկնաբանենք»: «Այդուհանդերձ», - հետապնդում է թղթակիցը, - «Հանրապետական որոշ շրջանակներում բավականին լուրջ մտավախություններ կան, որ եթե պաշտպանության նախարարը իր որոշումը չկայացնի հօգուտ ՀՀԿ-ի, ապա առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի ռեսուրսները նկատելիորեն կթուլանան»: Ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը ասում է. - «Այսօր ես բավարար եմ գնահատում ՀՀԿ-ի առկա ռեսուրսները, որպեսզի կուսակցությունը գնա ընտրությունների եւ հաջողություններ ունենա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա, բնականաբար, յուրաքանչյուր կարող ուժի մասնակցությունն այդ գործընթացին ավելի կմեծացնի շանսերը»:

Արձագանքելով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեի մասին Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա հայտարարությանը՝ «Հայկական ժամանակ»-ը նշում է. - «Այդ հայտարարության մեջ Եվրախորհուրդը, ըստ էության, ընդունում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծված են, որ իշխանությունները չեն ցանկանում այդ կեղծիքները բացահայտել: Սակայն եվրոպացի մեր բարեկամները հայտարարում են, որ այդ կեղծված Սահմանադրության դրույթների կիրառումը մեր կյանքում կնպաստի երկրի զարգացմանը, որ ՀՀ իշխանությունները կիրագործեն նոր Սահմանադրության դրույթները եւ այդպիսով կապահովեն 2007-2008 թվականների ընտրությունների արդարությունը»: «Աշխատանքի այս մեթոդը հիմք է տալիս եզրակացնել, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրախորհուրդը հայտարարություն կտարածի ընտրությունների արդյունքների կեղծված լինելու մասին եւ հույս կհայտնի, որ կեղծված ընտրություններով ձեւավորված խորհրդարանը կնպաստի ՀՀ նախագահի ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը», - հեգնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Գազի դիմաց փողից բացի այլ բան պետք չէ տալ. գույքով փոխհատուցումը այնքան էլ արդյունավետ չէ: Եթե գազի գինը այնուամենայնիվ բարձրանա, ապա մենք պիտի լարենք սեփական ուժերը եւ փոխհատուցում գտնենք ներքին ռեսուրսների հաշվին», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը՝ ուղենշելով. - «Համաձայն շատ լուրջ ուսումնասիրությունների, մեր տնտեսությունը ստվերայնության լուրջ հատված ունի. կարելի է կրճատել ստվերը, գումարները բերել օրինական դաշտ ու այդպիսով փոխհատուցել գազի գնի հնարավոր բարձրացումը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG