Մատչելիության հղումներ

Ձնե աղաման՝ Կոնսերվատորիայի պուրակում


Մի քանի օր է,ինչ կոնսերվատորիայի հարակից այգում 4 մետր լայնությամբ ու բարձրությամբ հայկական ձնե աղաման է կանգնած: Խեցեգործության ֆակուլտետի ուսանող Գայանեի խոսքով՝ աղաման պատրաստելու գաղափարը դեռ մի քանի տարի առաջ իրենց ընկեր Էդգարինն է եղել, սակայն այս տարվա առատ ձյունը ամենահարմար առիթն է դարձել երազանքն իրականացնելու համար. - «Մեր ընկերուհի Անահիտի ծննդյան օրն էր: Մենք էլ որոշեցինք Անահիտ աստվածուհու խորհրդանիշը պատրաստել: Անահիտ աստվածունին նաեւ պտղաբերություն ու առատություն է խորհրդանշում»:

Ձնե աղամանի, ասպես ասած, էսքիզը խեցե փոքրիկ աղամանն է, որի մոտիվներով էլ ուսանողները պատրաստել են դրա ձնե տարբերակը: Այս գործին նաեւ անցորդներ են սիրով միացել:

«Միայն երգն ու պարն էր պակասում», - ասում է Գայանեն: Օրեր անց, սակայն, երեխաներն արդեն հասցրել էին քանդել աղամանի փոքրիկ մուտքը:

Գայանեն պատմում է, որ ձնե քանդակը անցորդներից զատ նաեւ իրենց դասախոսներին է ոգեւորել, որոնց հատկապես զարմացրել է քանդակի նյութը. խեցեգործ ու կավագործ ուսանողները նաեւ ձյան հետ են հեշտ աշխատել: Ինչ վերաբերում է քանդակի ժամանակավոր լինելուն, Գյանեն ասում է, թե հենց սկզբից իրենք հաշտվել են, որ այս ստեղծագործությունը միայն լուսանկարներում է մնալու:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG