Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Հարավային Կովկաս գազամատակարարման վերսկսումը


ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Շոն ՄըքՔորմաքը երկուշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վերականգնման եւ դեպի Վրաստան ու Հայաստան գազամատակարարման վերսկսման մասին տեղեկատվությունը:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գազատարի հունվարի 22-ի պայթյունի հետեւանքով Վրաստանի քաղաքացիների մեծ մասը մնացել էր առանց գազի եւ էլեկտրականության:

«ԱՄՆ-ը հիացած է էներգետիկ ճգնաժամի ընթացքում վրաց ժողովրդի ցուցաբերած արիությամբ՝ հաշվի առնելով անսովոր ցուրտ եղանակը ինչպես Վրաստանում, այնպես էլ հարեւան Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հարավային Կովկասը սնող Մոզդոկ-Թբիլիսի գազատարի պայթյունը առիթ էր հանդիսացել, որպեսզի Վրաստանը Ռուսաստանին մեղադրի «էներգետիկ սաբոտաժի» մեջ:

Պայթեցման արդյունքում ստեղծված էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Շոն ՄըքՔորմաքը անցյալ շաբաթ հայտարարարել էր. - «Մենք խոսել ենք Վրաստան ու Հայաստան մտնող ռուսական գազատարին առնչվող կողմերի հետ՝ հորդորելով նաեւ հետաքննել կիրակի օրվա պայթեցման դեպքերը: Եղել են բազմաթիվ հեռախոսազրույցներ»:

«Անկախ պայթյունի հետեւանքներից, կարեւորն այն է, որ Վրաստանի եւ Հայաստանի հարեւանները համախմբվել են՝ ճգնաժամի ժամանակ հարեւաններին օգնության ձեռք մեկնելու», - հայտարարել էր ՄըքՔորմաքը: - «Եվ դրանում մենք դեր ենք խաղացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG