Մատչելիության հղումներ

Համակարգչային թարգմանչի վրա աշխատանքը շարունակվում է


Երիտասարդների ջանքերով ստեղծվող թարգմանչական համակարգի հիմքում դրված է ոչ թե բառարանային, այլ գիտելիքների բազա, թարգմանությունը ոչ թե բառացի է, այլ իմաստային: Մուտքային տեքստը ճանաչվում է, վերածվում է մեկ այլ ներքին լեզվի, որն արտահայտում է միայն նախադասության իմաստը, այնուհետեւ իմաստը «տեղափոխվում է» երկրորդ լեզու: Դեռեւս թերի է գիտելիքների բազան, 100 000 անհրաժեշտ բառերից բազայում կա միայն 50 000֊-ը, որից 15 000-֊ն է կարգավորված: Պատահական տեքստերի որակյալ թարգմանություն ծրագիրը դեռեւս չի ապահովում: Այս պահին կարող են թարգմանվել միայն ընդհանուր օգտագործման բառերով տեքստեր:

Արդեն 1 տարի է, ինչ ֆինանսավորումն իրականացվում է սեփական միջոցներով: Ճարտարագիտականի լավագույն 4 ծրագրավորողներ եւ տարբեր բուհերի 13 ուսանողներ աշխատում են այստեղ՝ ստանալով չնչին գումարներ:

«Մեզ մոտ աշխատող ծրագրավորողները դրսում կստանային 600-800 դոլար աշխատավարձ, մինչդեռ, քանի որ ֆինանսավորում չունենք, մենք մեր միջոցներով կարողանում ենք նրանց ամսական վարձատրել ընդամենը 40 դոլար», -ասում է ծրագրի ղեկավարը:

Ծրագրավորող Գեւորգն այս լաբորատորիայում աշխատում է արդեն 4 տարի: Չնչին վարձատրությունը դեռեւս բավականեցնում է, քանի որ օգնում են ծնողները, սակայն նոր ընտանիք կազմելու դեպքում այս հարցն արդեն «այլ լուծում կստանա»:

«Ֆինանսավորում այս ծրագրին ուղղակի անհրաժեշտ է», - ասում է նույն բուհի շրջանավարտ Աստղիկը, ով 2002-ից առանց որեւէ վարձատրության աշխատում է այս լաբորատորիայում:

Ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մի քանիսն արդեն օգտվում են մասամբ գործող ծրագրից, սակայն լաբորատորիան դեռեւս չի ցանկանում հրապարակել կայքի հասցեն, քանի որ դեռեւս ապահովված չէ «ISMA» թարգմանչի որակն ու տեխնիկական զինվածությունը:

Որակյալ թարգմանիչ ստեղծելու համար լաբորատորիային անհրաժեշտ է լուրջ ֆինանսավորում: Հնարավոր է, որ այս տարի նրանց ֆինանսապես աջակցի «Եվրասիա» հիմնադրամը, սակայն լաբորատորիան սպասում է նաեւ վարչապետի խոստացած աջակցությանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG