Մատչելիության հղումներ

Սերգեյ Իվանով. «Հաջորդ շաբաթ կառավարությունը կքննարկի ռուսաստանյան ռազմակայանները Վրաստանից Հայաստան տեղափոխելու հարցը»


Ռուսաստանի կառավարությունը հաջորդ շաբաթ կքննարկի ռուսաստանյան ռազմակայանները Վրաստանից Հայաստան տեղափոխելու մասին օրինագիծը: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

«Մեկ շաբաթից Ռուսաստանի կառավարությունը քննարկելու է «Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների գործունեության ժամանակավոր կարգի, դրանց դուրս բերման եւ Հայաստանի տարածք տեղափոխման մասին» օրինագիծը», - ասել է Սերգեյ Իվանովը, որն այսօր այցելել է Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանը: Նա հույս է հայտնել, որ Պետդուման կվավերացնի այդ օրինագիծը, ըստ որի նախատեսված է Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանները դուրս բերել մինչեւ 2008 թվականի վերջը:

Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանը վճարի Գյումրիում ռազմակայան ունենալու համար՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը բարձրացնում է գազի սակագինը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ ռազմակայանը Հայաստանի անվտանգության բաղադրիչներից է, Հայաստանն ունի այդ բազայի կարիքը՝ ավելացնելով. - «Մենք այս պահին շատ ավելի վերցնում ենք, քան տալիս ենք, շատ ավելի ստանում ենք, քան կորցնում ենք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG