Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն ի գիտություն ընդունեց Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ ի գիտություն ընդունեց ԵԽԽՎ-ի Բյուրոյի տարեկան զեկույցը, որում ընդգրկված էր նաեւ Հայաստանում նոյեմբերի 27-ին անցկացված սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը:

Քվեարկությունը դիտարկած բրիտանացի պատգամավոր Նայջըլ Էվանսն իր ելույթում ասել է, թե «ժողովրդավարության առումով Հայաստանը չնայած վերջին տեղերում չէ աշխարհում, բայց դեռ անելիք ունի»:

Հանրաքվեի հետ կապված ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության փոխնախագահ, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով Հայաստանի ընդդիմությանը մեղադրել է իր ներկայացուցիչներին հանձնաժողովներից հանելու եւ հանրաքվեին չմասնակցելու մեջ, ինչի պատճառով հնարավոր չի եղել իրականացնել քվեարկության գործընթացի ամբողջական վերահսկումը:

«Հայաստանը ժողովրդավարական ճանապարհի ընթացքի մեջ է եւ պետք է անխուսափելիորեն ժողովրդավարական ընտրություններ անցկացնի 2007 եւ 2008 թվականներին, որովհետեւ Հայաստանը գտնվում է քաղաքական զարգացման այն փուլում, երբ ազատ եւ արդար ընտրություններին այլընտրանք չկա», - նշել է Արմեն Ռուստամյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի նորընտիր ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանը հերթագրվել էր ելույթի համար, սակայն նրա հերթը այդպես էլ չհասավ: Ելույթը հանձնվել է ԵԽԽՎ-ի քարտուղարությանը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG