Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 21-ը հունվարի)

Քաղաքապետարանում ուրբաթ օրը Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցությունը մամուլը ներկայացնում է՝ օգտագործելով նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունը, քանի որ մամուլի ներկայացուցիչները այդ խորհրդակցությանը հրավիրված չէին: «Հայաստանի Հանրապետություն»-ում ընդգծված մեջբերված են Քոչարյանի քննադատական խոսքերը. - «Երեւանում մարդ չեք գտնի, որ հավատա, թե աճուրդները արդար են անցկացվում: Այստեղ մեծ անելիքներ ունեք եւ այս տարի աճուրդների գործընթացի կարգավորումը գերակայություն է լինելու: Թույլ չենք տալու դրանք անցկացնել այնպես, ինչպես մինչեւ հիմա էր: Հողային օրենսգրքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ, նաեւ Նախագահի վերահսկողական ծառայությանը հանձնարարված է աճուրդների մասով մշակել մեխանիզմ, որը կբացառի խարդախությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ այլ ձեւերով կատարվող ապօրինությունները»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ ձեւակերպումներ կան. - «Ժողովրդի դժգոհությունն ինչից է գալիս` կամ նկատում է, որ անարդար բաներ են կատարվում, կամ` որ իրեն լսող չկա եւ մի փոքր հարց լուծելու համար պետք է իր արժանապատվությունը ոտնահարվի»: Հեգնելով, թե Ռոբերտ Քոչարյանը այսպիսի «աշխարհացունց բացահայտում» է արել՝ թերթը շարունակում է. - «Վերջինս իր պաշտոնավարման ութերորդ տարում հանկարծ նկատել է, որ Երեւանում հողի վաճառքի աճուրդները արդար չեն անցնում»: «Հայկական ժամանակ»-ն առաջարկում է. - «Քոչարյանի զայրույթով արտասանած նախադասության մեջ «աճուրդ» բառը փոխարինեք «ընտրություն» բառով եւ տեսեք, թե որքան այն կարտացոլի մեր իրականությունը»:

Ըստ «168 ժամ»-ի, այդ խորհրդակցությունից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը պաշտոնանակ է արվել: «Սակայն այդ տեղեկությունները նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է՝ ասելով, թե նախագահի նման հրամանագիր չի եղել», - գրում է թերթը:

«Մեր աչքերի առջեւ Երեւանն օրեցօր ավերվում է՝ եվրոպական, բայց իր ինքնատիպ դիմագիծն ունեցող քաղաքից վերածվելով ասիական գորշ քաղաքի, տիպիկ «էլիտար» շենքերով ու գավառացիների իրար կպած անհեթեթ առանձնատներով: Երեւանում արդեն գրեթե կանաչ տարածքներ չկան, Երեւանի կենտրոնը բարբարոսաբար ավերված է, փոխարենը կառուցվում են բետոնե կոնստրուկցիաներով ու անհեթեթ նախագծերով «էլիտար» շենքեր, եւ առաջին հայացքից կարող է թվալ, թե այս ամենը մղձավանջ է», - նկարագրում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ շարունակելով. - «Ստիպված ենք խոստովանել, սակայն, որ նախկին եվրոպական Երեւանն էր արհեստական: Ընդհանուր առմամբ եվրոպական ավանդույթներ ունեցող կայսրությունը մեզ համար եվրոպական մայրաքաղաք էր կառուցել, ու մենք այն չկարողացանք պահպանել, որովհետեւ մերը չէր: Սա է իրականությունը»:

«Չնայած հայ-թուրքական սահմանային գոտում թռչունների որսն արգելող՝ բնապահպանության նախարարի հրամանին, Արաքսի ափերին որսն ընթանում է ամբողջ թափով, թռչուններն էլ իրացվում են առեւտրի ցանցում», - գրում է «Գոլոս Արմենիի»-ին՝ ակնարկելով, թե առանց ռուսական եւ հայկական սահմանապահ ծառայությունների ղեկավարների իմացության, որսորդների մուտքը սահմանային տարածք հնարավոր չէ:

«Թռչնագրիպից ավելի թռչարտադրողներին խանգարում է նրանց պարզունակ գրպանային մտածողությունը» վերնագրի ներքո «Ազգ»-ի մեկնաբանը, անդրադառնալով կորուստներ կրող այդ ոլորտը փրկելու ուղիներին, նշում է. - «Եթե այս ոլորտում իսկապես լիներ մրցակցություն, ապա այդ ելքը տեսանելի կլիներ հիմա: Մեր թռչնաֆաբրիկաները մեկը մյուսի հետեւից կսկսեին զեղչեր անել... Սակայն տեղական թռչնաֆաբրիկաներից որեւէ մեկը չի իջեցրել իր արտադրանքի վաճառքի գները անգամ Նոր տարվա նախօրեին բարձրացվածի համեմատ»: «Փրկեք տեղական արտադրությունը» լոզունգն այն իմաստով, որ հնչում է հիմա, վաղուց արդեն սպառել է իրեն: Ընդ որում, դրա հիմնական մեղավորները հենց իրենք՝ տեղական արտադրողներն: Այդ նույն կոչին անսալով, ժամանակին բնակչությունն ամեն կերպ աջակցեց ներքին շուկայից ներմուծվող սննդամթերքի դուրս մղելուն: Սակայն փոխարենը ստացավ շուկայում գրեթե առանց մրցակցության մնացած թռչնաֆաբրիկաների կողմից պատեհ-անպատեհ ապրանքների գների անընդհատ եւ չհիմնավորված բարձրացում», - գրում է մեկնաբանը՝ ամփոփելով. - «Եթե տեղական արտադրության այս ճյուղը կանգնի փլուզման եզրին, որքան էլ դա անցանկալի լինի, ապա դրա հիմնական մեղավորը առաջին հերթին կլինեն իրենք՝ այդ ոլորտի գործարարները, որոնք այդպես էլ չկարողացան վեր բարձրանալ պարզունակ գրպանային մտածողությունից»:

«Հայոց աշխարհ»-ը, անդրադառնալով Ռուսաստանի գազային քաղաքականությանը, նկատում է. - «Իրավացիորեն առաջ եկան համեմատություններ «գազային մահակի» միջոցով իրականացվող Ռուսաստանի «ռազմավարական գործընկերության» եւ Միացյալ Նահանգների կողմից անցած 15 տարիներին Հայաստանին անվարձահատույց տրամադրված շուրջ 1,5 միլիարդ դոլարի միջեւ, որի դիմաց վերջինս մեզանից որեւէ հիդրոկայան չի պահանջել»: «Սրանով ակնհայտ է դառնում», - գտնում է մեկնաբանը, - «որ նման անտրամաբանական քայլերի միջոցով Ռուսաստանը կարող է ոչ թե քաղաքական ու տնտեսական պայմաններ թելադրել Հայաստանին, այլ պարզապես նրան վանել իրենից»: Իսկ «Հայկական ժամանակ»-ը հակաքայլ է առաջարկում. - «Պետք է խոսել նրանց զորքերի զբաղեցրած հողերի վարձակալության մասին եւ մեկ քառակուսի մետրը հաշվել Հյուսիսային պողոտայի «էլիտար» տների քառակուսի մետրի գներով»:

«Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազությունը հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների փաստերով հարուցել է երեք քրեական գործ, որոնցից մեկը 42-ամյա գյումրեցի Վարդան Առաքելյանի նկատմամբ, որը քվեարկել էր եղբոր փոխարեն», - հիշեցնում է «Առավոտ»-ը՝ տեղեկացնելով, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում արդեն լսվել է այդ գործը: «Ամբաստանյալը դատավարության ընթացքում իրեն այնքան անկեղծ պահեց ու առանց առարկման իրեն մեղավոր ճանաչեց, որ թե’ նիստը նախագահողը, թե’ պետական մեղադրողը նկատեցին, որ նրա կողմից մեղքն ազնվորեն չխոստովանելու դեպքում, հանցանքը դժվար էր բացահայտել. Ուստիեւ դատարանը, նկատի ունենալով վերջինիս անկեղծ լինելը, նախկինում չդատվածությունը, վճռեց գործազուրկ Վարդան Առաքելյանին ենթարկել դրամական տուգանքի` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն՝ հարյուր հազար դրամ», - փոխանցում է «Առավոտ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG